Հրապարակվել է մարդկանց թրաֆիկինգի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի 2011-թ.-ի զեկույցը
29-06-2011 13:31:04 | ԱՄՆ | Իրավունք
Հրապարակվել է 184 երկրներում մարդկանց թրաֆիկինգի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի 2011-թ.-ի զեկույցը։ Այն մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն եւ համապարփակ ուսումնասիրությունն է։
Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածին կարող եք ծանոթանալ http://armenia.usembassy.gov/news062811.html (անգլերեն) եւ http://armenian.armenia.usembassy.gov/news062711.html (հայերեն) էջերում:
Մարդկանց թրաֆիքինգը անձին հարկադրաբար ծառայության մեջ պահելու դաժան պրակտիկան է` խաբեության, հարկադրանքի եւ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցով: Պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնն ասել է. ,Եկեք այն կոչենք, ինչպես որ կա. ժամանակակից ստրկությունե: ԱՄՆ կառավարության հաշվարկներով ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ եւ երեխաներ հայտնվում են նմանատիպ հարկադրանքի պայմաններում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Աշխատանքային եւ սեռական թրաֆիքինգն աշխարհագրական, գենդերային կամ ազգային սահմաններ չեն ճանաչում: Ավելին, շուկաներում առկա պահանջարկի, օրենքների թույլ կողմերի, մեղմ քրեական պատժամիջոցների, կոռուպցիայի, բնական աղետների եւ տնտեսական անկայունության պարագայում ժամանակակից ստրկության այս դրսեւորումների ազդեցության դաշտում են հայտնվում անհատներն ու հասարակությունները ողջ աշխարհում:
Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության, այս տարվա զեկույցը կրում է ,Արդյունքների տասնամյակե խորագիրը եւ կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում եւ Միացյալ Նահանգներին առաջիկա տասնամյակում ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որ նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման եւ պատժման մասին արձանագրության մեջ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը միացել է արձանագրությանը, թե ոչ: Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր երկրներում կառավարությունները մշակել են թրաֆիքինգին արձագանքելու ուղիներ: Կառավարությունների մեծ մասը գործողության մեջ են դրել հակաթրաֆիքինգային օրենքներ եւ ձեւավորել թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակը։ Սակայն ժամանակն է, որ բոլոր կառավարությունները իրենց իրավապահ ու զոհերի պաշտպանությանն ուղղված գործունեությամբ ապահովեն շոշափելի ու տեւական ազդեցություն ընդդեմ այս հանցանքի: