ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈՒՇԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է<br /> ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈՒՇԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  • 12-06-2008 16:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի 251 «կողմ» եւ 166 «դեմ» ձայնով որոշել է հետագա քննարկման համար նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի մասին բանաձեւն ուղարկել պալատի իրավաբանական հանձնաժողով, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Իրավաբանական հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Ջոն Կոնիերսը առայժմ որեւէ ձեւով չի մեկնաբանել պալատի որոշումը եւ չի հայտնել, թե իր գլխավորած հանձնաժողովը արդյոք քննարկելու է այդ փաստաթուղթը: Նախօրեին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի անունից նրա մամլո քարտուղար Նադիմ Էլշամին հայտարարել էր, որ Կոնգրեսը հավանություն չի տա իմպիչմենտի բանաձեւին: Հիշեցնենք, որ հայտնի դեմոկրատ-կոնգրեսական եւ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Դեննիս Կուսինիչը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որով պահանջվում է իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին 35 կետերով: «Նախագահ Ջորջ Բուշը մեղավոր է այնպիսի խախտումներում, որոնք պատժվում են իմպիչմենտով, եւ արժանի է պաշտոնանկման»,- հայտարարել էր կոնգրեսականը: Մեղադրանքները, որ Բուշի դեմ Կուսինիչն առաջադրել է, շարադրված են «իմպիչմենտի 35 հոդվածներում»: Առաջին հոդվածում կոնգրեսականը Բուշին մեղադրում է այն բանում, որ ԱՄՆ-ի նախագահը Պենտագոնի ղեկավարի հետ իրականացրել է «գաղտնի քարոզարշավ Իրաքի հետ պատերազմի անհրաժեշտության արհեստական հիմնավորման համար»: Բուշին հասցեագրված մեղադրանքները ներառում են նաեւ խոշտանգումների կիրառում կալանավորված անձանց նկատմամբ, կալանավորված անձանց այլ երկրների կառավարություններին հանձնելու գաղտնի ծրագրի իրականացում, Իրանի կողմից սպառնալիքների մասին ԱՄՆ-ի ժողովրդին եւ Կոնգրեսին մոլորեցում, «միջամտություն ազատ եւ արդար ընտրությունների գործընթացին եւ արդարադատության գործընթացի կոռումպացում» եւ այլն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play