ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՆ ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20
ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
26-03-2008 17:39:00 | Ղազախստան | Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանի նախագահ
Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսան` Ռահատ Ալիեւը եւ
հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ
Ալնուր Մուսաեւը հեռակա դատապարտվել են 20 տարվա ազատազրկման
պետական հեղաշրջում նախապատրաստելու համար, հաղորդում է Ղազախստանի
գլխավոր դատախազությունը:
Այսօր Ակմոլայի կայազորի զինվորական դատարանում ավարտվել է
Ղազախստանի 16 քաղաքացիների, այդ թվում Ալիեւի, Ալնուր Մուսաեւի եւ
մյուսների նկատմամբ քրեական գործի քննությունը: Խմբի անդամները
մեղադրվում էին ծանր հանցագործություններում: Դատավարության
ընթացքում ապացուցվել է, որ Ալիեւի ղեկավարությամբ իրականացվել է
երկրում իշխանության բռնազավթման նախապատրաստություն:
Ռահատ Ալիեւը եւ Ալնուր Մուսաեւը թաքնվում են արտասահմանում:
Ղազախստանի նախագահի նախկին փեսան կտրականապես հերքում է իր դեմ
հարուցված մեղադրանքը` հայտարարելով, որ ինքը քաղաքական ինտրիգների
զոհ է դարձել այն բանից հետո, երբ իր նախագահական
հավակնությունների մասին իմացել է երկրի նախագահ Նուրսուլթան
Նազարբաեւը: