ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ<br /> «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ<br /> ԴԻՄՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԴԻՄՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

  • 07-03-2008 14:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 6-ին դադարեցրել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունից: Հ/կ-ն դիմել էր Հանձնաժողով` նշելով, որ 2007թ.-ի նոյեմբերի 1-ից հանրապետությունում գործող ավիաընկերությունները ավիատոմսերի դոլարային գներն իրենց բացարձակ արժեքով փոխարինել են եվրոյով` առանց փոխարժեքի որեւէ տարբերության, ինչի արդյունքում ավիատոմսերի գները 47%-ով թանկացել են: Վարույթի ընթացքում ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի գնագոյացման գործընթացը կարգավորվում է տվյալ ավիաընկերության կողմից եւ որ դրանց դոլարային գները եվրոյով փոխարինելու համար հիմք հանդիսացող եւ տվյալ գործընթացը կարգավորող փաստաթղթեր չունի: Ավիաընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացը պայմանավորված է եղել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ընդունված որոշումով: Ըստ այդմ, բոլոր տոմսերի արժեքները, դրանց վերաբերող վճարները եւ այլ գանձումները ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան) փոխվում են ԱՄՆ դոլարից` եվրոյի: Անցման գործակից է հանդիսացել IROE գործակիցը, որը հավասար է եղել 0,73166 եվրո 1 դոլարի դիմաց: Որոշ ավիաընկերություններ իրենց գրություններում նշել են, որ տեղի է ունեցել ավիատոմսերի արժեքի որոշակի թանկացում, սակայն տվյալ փաստը կապված է ավիավառելիքի գների, հարկերի եւ այլ տարրերի արժեքի փոփոխության հետ: Ավիաընկերությունները ներկայացրել են նաեւ հիմնական օդային ուղիներով կատարվող չվերթների միեւնույն ուղղության եւ միեւնույն տեսակի ավիատոմսերի գները, որոնք վկայում են , որ ԱՄՆ դոլարից եվրոյի փոփոխման ընթացքում կիրառվել է վերոհիշյալ` IATA-ի կողմից առաջարկված գործակիցը: Վերլուծելով առկա տեղեկատվությունը եւ հաշվի առնելով այն փաստը, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն իր դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ, Հանձնաժողովը գտել է, որ դիմումում նշված պնդումը, թե հանրապետությունում գործող ավիաընկերությունները ավիատոմսերի դոլարային գները փոխարինել են եվրոյով առանց փոխարժեքի որեւէ տարբերության, չի համապատասխանում իրականությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն