ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ
ԳԱԼՈՅԱՆԸ
22-01-2008 19:50:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան
շախմատի տանը հունվարի 21-ին ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց եւ
կանանց բարձրագույն խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում
13 հնարավորից 8-ական միավոր վաստակեցին եւ առաջին-երկրորդ տեղը
բաժանեցին Կարեն Ասրյանը եւ Արտաշես Մինասյանը: Գործակիցներով
Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Կ.Ասրյանը: 7,5-ական
միավորով 3-5-րդ տեղը բաժանեցին Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան
Քոթանջյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:
Կանանց մրցաշարում 9 հնարավորից 6,5-ական միավորով 1-2-րդ
տեղը բաժանեցին Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը:
Գործակիցներով Հայաստանի չեմպիոնուհի ճանաչվեց Լ.Գալոյանը: 5,5
միավորով 3-րդ տեղը գրավեց Նելլի Աղինյանը:
Հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին դրամական
պարգեւներ: Պարգեւատրության արարողությանը ներկա էր ՀՀ շախմատի
ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: