ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ «ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՆ ԳՏԵԼ»<br /> ԻՐԱՐ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ «ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՆ ԳՏԵԼ»
ԻՐԱՐ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 11-09-2007 16:35:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիան Կուրիեր»-ի հրատարակիչ Հայերը միշտ մեղադրել են իրենց` միաբանության պակասի համար: Անշուշտ, հրեաները եւ այլ համայնքներ, որոնք ունեն իրենց ներքին վեճերը, հաճախ են ցանկություն հայտնում լինել հայերի չափ միաբան: Հրեա ամերիկացիների միջեւ ծագած, Հայոց ցեղասպանության նկատմամբ «ADL»-ի դիրքորոշմանը վերաբերող վերջին վեճը արտացոլում է բնական բազմազանությունը, որը առկա է բազմակարծիք հանրության մեջ: Հենց այս պատճառով էլ ամենեւին անակնկալ չէ հայտնաբերել, որ թուրք ամերիկացիները պակաս պառակտված չեն, քան էթնիկ այլ խմբեր: Այս օրերին թուրքերի առջեւ Վաշինգտոնում եւ Թուրքիայում ծառացած տարատեսակ քաղաքական դժվարությունների թեժ պահին Ամերիկա- Թուրքական ասոցիացիաների համաժողովի (ATAA) տարբեր ղեկավարները «իսկական ժամանակն են գտել» միմյանց մեղադրելու, դատի տալու եւ միմյանց վրա հարձակվելու համար: ATAA-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Թուրքիայի 62 թուրքական կազմակերպություններից բաղկացած կոալիցիա է: Խնդիրն առաջին անգամ երեւան եկավ դեռ 2003թ., երբ ATAA-ի առաջնորդների միջեւ լուրջ վիճաբանություն ծագեց կազմակերպության խորհրդի նոր անդամների ընտրությունների արդյունքի առթիվ: Էլեկտրոնային նամակների երկարատեւ եւ խայթիչ «փոթորկից» հետո խնդիրը ժամանակավորապես լուծվեց 2004-ի վերջում: Վուրալ Քենգիզն ընտրվեց Տնօրենների խորհրդի նախագահ, իսկ Թամեր Աքիկալինը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ներքին անհամաձայնությունները կրկին ջրի երես ելան 2006-ին եւ շարունակվում են մինչեւ օրս: ATAA-ի անդամերին անցյալ ամիս ուղարկված մի նամակում Հոգաբարձուների խորհրդի նախագահ Թամեր Աքիկալինը մեղադրեց ATAA-ի տնօրենների խորհրդի որոշակի անդամների այն բանի մեջ, որ նրանք կազմակերպությունը ղեկավարում են «ինչպես իրենց անձնական կալվածքը», եւ եւ չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ: «Այն օրվանից, երբ ներկա վարչակազմը ստանձնեց իր պարտականությունները, ATAA-ն բյուջե չունի»,- ասել է Աքիկալինը: «Հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվում ATAA-ի դրամական միջոցները: Վարչակազմը հրաժարվում է թափանցիկ գործելուց: Նրանք որեւէ արձանագրություն չեն պահում...: Նրանց նախագահությամբ երկու ընտրություն անցկացվեց, իսկ այնուհետեւ նրանք շուռ եկան եւ այդ ընտրությունները անվավեր հայտարարեցին»: Ի վերջո Աքիկալինն ու իր մի քանի կողմակիցները դատական հայց ներկայացրին սեփական կազմակերպության տնօրենների խորհրդի դեմ: Աքիկալինի կողմնակիցը` ATAA-ի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վուրալ Քենգիզը, 2007թ.-ի սեպտեմբերի 3-ին այս ներքին վիճաբանությունն էլ' ավելի հրապարակային դարձրեց, երբ «Turkish Daily News»-ում տպագրեց մի հոդված, որը վերնագրված էր. «Ինչու՞ են ամերիկացի թուրքերը տանուլ տալիս ճակատամարտը»: Կանխատեսելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն կտա Հայոց ցեղասպանության մասին սպասվող բանաձեւին` Քենգիզը մեղադրում է թուրք ամերիկացիներին այն բանում, որ «նրանք չեն պայքարում այնպես, ինչպես նախկինում»: Նա հայտարարում է, որ ATAA-ն «այժմ թույլ է, քանի որ խորհրդի անդամներին դատական գործեր են սպասվում»: Նա երեւան հանեց, որ ATAA-ի նախագահ Նութեն Ուրալը, որը Դեթրոյտում Թուրքիայի պատվավոր Գլխավոր հյուպատոսն է, «թուրքական կառավարության ներկայացուցիչ է», իսկ Գունայ Գուվենչը, ով հավանաբար նախագահ կընտրվի, «թուրքական դեսպանատան փաստաբանն է»: Աքիկալինի նամակից երկու օր անց` 2007թ.-ի օգոստոսի 19-ին, ATAA-ի Տնօրենների խորհրդի նախագահ Ուրալը հակառակ հայտատարություն հրապարակեց, որում դատական գործը բնորոշում էր որպես «անլուրջ եւ թշնամական»` պնդելով, թե այն հիմնված է «չհաստատված ստերի, մեղադրանքների, հարձակումների, ինչպես նաեւ քննադատության վրա, որի նպատակն է վախեցնել մեզ, որպեսզի որդեգրենք նրանց` բարոյաապես ոչ ճիշտ գործելակերպը»: Նա ասում է, որ այս ներքին վիճաբանության պատճառով ATAA-ն մնացել է առանց դրամական միջոցների», ու «աշխատակազմում միայն մի աշխատակից կա»: ATAA-ի անդամներին ուղղված օգոստոսի 8-ի հայտարարության մեջ ATAA-ի «Խորհրդատվական կոմիտեի» նախագահ Թունքա Իսկիրը պաշտպանեց նախագահ Ուրալին եւ խիստ քննադատության ենթարկեց նրանց, ովքեր դատական գործ են հարուցրել: ATAA-ի տնօրենների խորհուրդը վարձել է «The Perles Law Firm» կազմակերպությանը` որպես դատական գործով խորհրդատու: Իսկիրն ասաց, որ «այս դատական գործը թանկ արժեցող շեղում է ATAA-ի կարեւոր աշխատանքից, որի շրջանակներում է սեպտեմբերին սկսվելիք թուրք-ամերիկյան հարաբերությունների համար բարդ մի օրենսդրական նստաշրջան Կապիտոլիումի բլուրում»: Իսկիրը երեւան հանեց մի հանգամանք. «Կոնգրեսում հայկական ներկա բանաձեւի» եւ մի քանի այլ վտանգավոր խնդիրների պատճառով իր թիմը խնդրել է հայցվորներից բողոքին պատասխանելու ժամկետը երկարաձգել 120 օրով: Հայցվորների պաշտպան Ռոբերտ Լեւինը իր հաճախորդների հետ խորհրդակցելուց հետո, ըստ հաղորդագրությունների, մերժել է խնդրանքը: Դատարանը, սակայն, բավարարեց ժամկետը երկարացնելու խնդրանքը, եւ պատասխանը ներկայացվելու է այս ամիս: Իր զեկույցում Իսկիրը ասել է, որ դատական գործը ֆինանսապես կվնասի ATAA-ին եւ որ «պաշտպանությունը կարող է հարյուր հազարավոր դոլարներ արժենալ»: Իսկիրը մեղադրեց Աքիկալինին «սառեցնելու համար Ներդրումային ֆոնդը, որից ստացված տոկոսները ապահովում են ATAA-ի ընթացիկ ծախսերը»: Նա ասաց, թե «ավելի քան 95 հազար դոլար արդեն վեց ամսից ավել է, պետք է վճարվի ATAA-ին»: Իսկիրը նաեւ ասել է, թե դատական գործը «մեծ շեղում է մեր նպատակներից եւ առաքելությունից այս ծանր պահին: Ամերիկացի թուրքերը որոշակի էթնիկ խմբերի կողմից ինտենսիվ հարձակումների են ենթարկվել: Կապիտոլիումի բլուրում սպասվում են երկու հակաթուրքական եւ հայամետ բանաձեւեր, եւ նոր Կոնգրեսը վճռական է տրամադրված այս պահանջները օրենքի տեսքով ընդունելու հարցում... ATAA-ին միաբանութուն է անհրաժեշտ հենց հիմա: Այս դատական գործը սպառնում է այդ միաբանությանը»: Այս հայտարարությունը ATAA-ի կողմից ակնհայտ փորձ է` օգտագործել Հայոց ցեղասպանության բանաձեւը` որպես անհուսորեն պառակտված կազմակերպությունը միավորելու գործիք: Իսկիրը հայտարարել է, թե դատական գործը ATAA-ն դարձրել է իր ընդդիմախոսների կողմից պոտենցիալ շահագործման համար խոցելի` (հավանաբար, «ընդդիամխոսներ» ասելով նկատի է ունեցել հայերին): Նա գրել է. «ամենվատը անվայելուչ բովանդակությամբ էլեկտրոնային նամակների հոսքը չէ, ոչ էլ որոշ հայցվորների ու նրանց մի բուռ կողմակիցների` հրապարակավ արված հեղինակազրկող հայտարարությունները: Վատն այն է, որ այս դատական գործը ցանկացած հետաքրքրասեր աչքի համար տեսանելի է դարձնում ATAA-ի ներքին խմորումներն ու բախումները: Ոչ միայն այդ բողոքը, այլ նաեւ ապագայում ներկայացվելիք բոլոր ապացույցները, ներառյալ էլեկտրոնային նամակները, վկայությունները, ֆինանսական բացահայտումները, ժողովներում արված գրառումները եւ այլն, կդառնան հանրության սեփականությունը: Մեր ավանդական հակառակորդները կսկսեն չարախնդալ ATAA-ի ֆինանսական ծանր կացության, պառակտվածության կամ այն պատճառով, որ մենք զբաղված ենք այս դատական գործով` ի վնաս մեր ծրագրերի: Երբ նրանք, ովքեր ամերիկացի թուրքերի վատն են ցանկանում, այս դատական գործի վկայությունները կօգտագործեն որպես ուղեցույց մեր թուլությունից օգուտ քաղելու գործում, արդյո՞ք հայցվորները բացատրություններ կտան, թե՞ կհրաժարվեն պատասխանատու լինելուց ուրիշների եւ ATAA-ի նկատմամբ սեփական քայլերի համար»: Մինչ զարմանալի չէ, որ ամերիկյան թուրքերի շարքերում պառակտումներ կան, իսկապես անհավատալին այն է, որ հակամարտությունը այնքան թունոտ է, որ նույնիսկ Թուրքիայի դեսպանը եւ թուրքական կառավարության առաջնորդները, ովքեր մեծ հույսեր են կապում ATAA-ի անդամների աջակցության հետ Վաշինգտոնում իրենց լոբբիստական նպատակներն ի կատար ածելու հարցում, թերեւս չեն կարողացել իրար նկատմամբ արյան թշնամանք տածող կողմերին հաշտեցնել, մասնավորապես այն պատճառով, որ հայցվորներն ու պատասխանողները նույն կազմակերպության խորհրդի անդամներ են: Տողերիս հեղինակի նապատակը ոչ թե «չարախնդալն» է, այլ պարզապես ցույց տալը, որ հայերը երբեմն չափազանց խիստ են իրենք իրենց նկատմամբ: Նրանք սխալմամբ կարծում են, թե ավելի անմիաբան են, քան ուրիշները: Հրեաները, արաբները, թուրքերը, կորեացիները, ռուսները եւ մյուս էթնիկ խմբերը պակաս պառակտված չեն, քան հայերը: Իհարկե, միաբանությունը ցանկալի նպատակ է, եւ որքան համայնքը միասնական է, այնքան հաջողությամբ կարող է հետամուտ լինել իր հավաքական շահերին ու ցանկություններին:
Նոյյան տապան  -   Վերլուծություն