ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԵԼՔԻ ՋԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 16-ՐԴ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԵԼՔԻ ՋԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 16-ՐԴ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 10-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկեց «Տեսնել Արարատը» խորագրով «Արեւելքի ջահ» միջազգային 16-րդ փառատոնը: Ինչպես նշեց փառատոնի նախագահ Հիդեո Սակատան, հայ արվեստագետները միշտ էլ աչքի են ընկել իրենց տաղանդով եւ յուրահատուկ մտածելակերպով, այդ պատճառով էլ ընդունվել է Հայաստանում փառատոնի անցկացման առաջարկը: Նշվեց, որ փառատոնը հիմնադրվել է ասիական ծագում ունեցող արվեստագետների կողմից: Այն ամեն տարի կազմակերպվում է տարբեր երկրներում, որպեսզի փառատոնին մասնակցող արվեստագետները հաղորդակցվեն տարբեր ազգերի մշակույթների հետ: Հայաստանյան փառատոնի համանախագահ Ռազմիկ Հաջիկյանը նշեց, որ փառատոնին մասնակցում են չորս տասնյակից ավելի նկարիչներ եւ քանդակագործներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Թաիլանդից, Հարավային Կորեայից եւ այլ երկրներից: Փառատոնի շրջանակներում կբացվեն մի շարք ցուցահանդեսներ, կանցկացվեն կրթական միջոցառումներ, այդ թվում տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 14 հատուկ դպրոցում կկազմակերպվեն կավագործության դասընթացներ` հաշմանդամ երեխաների առջեւ բացելով արհեստագործությամբ զբաղվելու եւ դրանով իսկ հասարակությանը առավել դյուրին ինտեգրվելու հեռանկարներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ