ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-ԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-ԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓԱՌԱՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ

  • 06-09-2007 20:42:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-15-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացվի «Արցախյան առաջին փառատոն»` նվիրված Շուշիի ազատագրման 15-ամյակին: Ինչպես սեպտեմբերի 6-ի ասուլիսում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, փառատոնի ժամանակ կկատարվեն հայ եւ օտարազգի կոմպոզիտորների լավագույն գործերը: Փառատոնի շրջանակում կամերային նվագախումբն ու երգչախումբը համերգներով հանդես կգան Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Գանձասարում եւ Վանք գյուղում: Իսկ սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք գալա-համերգին կմասնակցեն նաեւ Արցախի պետական կամերային երգչախումբն ու նվագախումբը, ինչպես նաեւ զինվորական փողային նվագախումբը: Նշվեց, որ փառատոնի հովանավորն է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Անդրադառնալով հայ երգարվեստի ներկայիս վիճակին, Ա.Ղարաբեկյանը նշեց, որ այդ բնագավառում քաոս է տիրում եւ արժեքներ չկան: «Երբ լսում ես մեր այսօրվա էստրադային երգիչներին, կամ ինչպես իրենք են իրենց անվանում` «աստղերին», ապա տեսնում ես, որ նրանց մասնակցությամբ համերգները նման են հարսանեկան խնջույքների»,- ասաց Ա.Ղարաբեկյանը: Ըստ նրա, անընդունելի է, որ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահը տրամադրվում է «ում պատահի», քանզի «այդ բեմերը միմիայն պրոֆեսիոնալների համար են»:
Նոյյան տապան  -   Մշակույթ