ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱԿ<br /> ՆՎԻՐՈՒՄ ԵՂԱՎ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ»<br />


ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱԿ
ՆՎԻՐՈՒՄ ԵՂԱՎ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ»

  • 21-08-2007 14:04:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ մեծանուն նկարչի սգակիր ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել, որում ասված է. «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու շնորհալի զավակ, անվանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի մահվան մասին: Լուսահոգի Էդուարդ Իսաբեկյանի կյանքը համակ նվիրում եղավ հայ գեղանկարչական արվեստին: Տաղանդաշատ վարպետը ստեղծեց մեծարժեք կտավներ հայոց պատմության ու հայրենի գեղեցիկ բնաշխարհի գունեղ պատկերներով: Առանձնակի վարպետությամբ հորինված նրա վրձնի գործերը տասնյակ տարիներ զարդարում են ինչպես Հայաստանի, այնպես եւ արտերկրի հռչակավոր թանգարանները` պատիվ բերելով մեր ժողովրդին: Մեծ ու գնահատելի է նաեւ բարեհիշատակ հայորդու վաստակը նկարիչների նոր սերնդի պատրաստության գործում: Ճանաչված շատ ու շատ նկարիչներ պատիվ են ունեցել աշակերտելու մեծ վարպետին, որոնցից մեկն էլ իր որդին է, որ այսօր ղեկավարում է Երեւանի Գեղարվեստի պետական ինստիտուտը: Մխիթարության զգացումով ենք հիշում այն օրը, երբ բարձր գնահատանքով վաստակաշատ արվեստագետի կուրծքը զարդարեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձրագույն շքանշանով: Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` Մեր ցավակցությունն ու սրտակցությունն ենք բերում հանգուցյալի սգակիր ընտանիքին եւ բոլոր հարազատներին ու մերձավորներին: Աղոթում ենք առ Բարեգութն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի լույս հոգին եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի վշտացյալ բոլոր սրտերին: Խունկ, աղոթք եւ օրհնություն հոգելույս Էդուարդ Իսաբեկյանի բարի հիշատակին: «Զննջեցեալս մեր արժանի արա, Տէր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play