«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ<br /> ՈՒՆԵՆ»<br />


«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՆ»

  • 20-08-2007 21:06:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Կառավարական հանձնաժողովը օգոստոսի 20-ին տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց. 93 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի Էդվարդ Իսաբեկյանը: Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ. Երեւանի նահանգի Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: 1918թ. ընտանիքի հետ Երեւան տեղափոխվելուց հետո սովորել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (ներկայիս Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), ապա` 1935 թվականից ուսումը շարունակել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Նաիրի Զարյանի եւ Սողոմոն Տարոնցու հետ եղել է ռազմաճակատում` հայկական 89-րդ դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու եւ գեղանկարչական գործեր ստեղծելու նպատակով: Էդվարդ Իսաբեկյանը Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտի հիմնադիրներից էր, որտեղ աշխատել է 1945 թվականից մինչեւ կյանքի վերջը` ղեկավարելով գեղանկարչական արվեստանոցներից մեկը: Մանկավարժական ավելի քան 60 տարիների ընթացքում նա ստեղծել է իր դպրոցը եւ ուսուցման գիտական մեթոդիկան, կրթել ու դաստիարակել շնորհալի արվեստագետների առնվազն երեք սերունդ: Դասախոսական աշխատանքին զուգընթաց, էդվարդ Իսաբեկյանը կատարել է բազմաթիվ հասարակական աշխատանքներ` բազմիցս ընտրվել Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր, Հայաստանի նկարիչների միության քարտուղար: 1967-ից մինչեւ 1987թ. եղել է Հայաստանի պետական (ներկայումս ազգային) պատկերասրահի տնօրենը, որտեղ հսկայական ջանքեր է գործադրել ֆոնդերի հարստացման եւ հատկապես անցյալի ազգային արժեքները կորստից փրկելու ուղղությամբ: Նրա նախաձեռնությամբ է բացվել պատկերասրահի Գյումրու մասնաճյուղը: Իսաբեկյան արվեստագետի շռայլ տաղանդը ամենատարբեր դրսեւորումներ է ստացել ինչպես գեղանկարչական մեծածավալ կոմպոզիցիոն կտավներում, այնպես էլ` արվեստի հիմնահարցերին նվիրված ուշագրավ հոդվածներում, հրապարակային ելույթներում եւ հուշապատումներում: Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները` հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների եւ ազգային ուրիշ մեծերի կերպարներում: Մեծ վարպետությամբ ու հայեցի մտածողությամբ ստեղծված նրա հիասքանչ կտավները նաեւ համամարդկային հնչողություն ունեն: Նրա անուրանալի ներդրումը կերպարվեստում նաեւ այն է, որ նա եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունում, որին հետեւեցին ուրիշները: Նա խոր ակոս է թողել հայ կերպարվեստում: Իսաբեկյանի բարձրարժեք արվեստը միշտ էլ եղել է արվեստաբանների ուշադրության կենտրոնում: Նրան են նվիրված բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ, մենագրություններ: Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել նկարչի աշխատանքների մշտական ցուցադրման համար: Էդվարդ Իսաբեկյանը երկրին ու ժողովրդին մատուցած ակնառու ծառայությունների համար իր երկարամյա վաստակաշատ կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների, այդ թվում` 2004թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման: Նա նաեւ «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահն էր: Երեւանի քաղաքապետարանը Էդվարդ Իսաբեկյանի կենդանության օրոք որոշում է կայացրել ստեղծելու նրա գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրության սրահ: Հիանալի մարդու, մեծ արվեստագետի ու քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա ժողովրդի, նրա լուսավոր արվեստի բոլոր երկրպագուների սրտերում»: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Էդվարդ Իսաբեկյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ից, Սայաթ-Նովա 5 հասցեում: Օգոստոսի 22-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան մեծ դահլիճում (մուտքը Մ.Մաշտոցի պողոտայից) ժամը 12:30-14:00-ին տեղի կունենա վերջին հրաժեշտը նկարչին, այնուհետ` հուղարկավորության արարողությունը` Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play