ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ<br /> ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 110 ԿՄ ՈՌՈԳՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑ<br />


ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 110 ԿՄ ՈՌՈԳՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑ

  • 01-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման ծրագրի համար 5 մլն դոլար լրացուցիչ գումարի տրամադրումը: Ինչպես օգոստոսի 1-ին լրագրողներին հայտնեց ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը, գումարի 15%-ը որպես համաֆինանսավորում կտրամադրեն ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ): Այդ գումարով կվերանորոգվեն Արարատի, Արմավիրի, Երեւանի, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի 110 կմ ընդհանուր երկարությամբ ներտնտեսային ցանցերը: Ա.Ղազարյանի խոսքերով, մինչ այդ ՀԲ-ի տրամադրած 7,2 մլն դոլարով վերանորոգվել է 190 կմ ներտնտեսային ցանց, ինչը բավականին քիչ է, քանի որ հանրապետության ներտնտեսային ցանցը կազմում է 15 հազար կմ: Ըստ նրա, ջրի հիմնական կորուստները` մոտ 60%-ը կամ տարեկան 300 մլն խմ, արձանագրվում են ներտնտեսային ցանցերում: Նշվեց նաեւ, որ 1994թ.-ից մինչ օրս ՀԲ-ն Հայաստանի ոռոգման համակարգերի զարգացման նպատակով հատկացրել է 96,214 մլն դոլարի գումար, որով վերականգնվել են 26 պատվարներ, մի շարք բնակավայրերում ջրամատակարարման մեխանիկական համակարգը փոխարինվել է ինքնահոսով, ինչի շնորհիվ տարեկան էլեկտրաէներգիայի խնայողությունը կազմել է 51 մլն կՎտ/ժամ: Բացի այդ, ստեղծվել են 52 ՋՕԸ-եր, որոնց գործունեության շնորհիվ աճել է ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման մակարդակը. 2003թ.-ին հավաքագրվել էր 2,3 մլրդ դրամ (6,7 մլն ԱՄՆ դոլար), ապա անցած տարի` 3,2 մլրդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն