ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ<br /> ԻՐԱՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ<br />


ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ

  • 28-06-2007 16:06:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը բացասաբար է արձագանքել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի` Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին նախօրեին արած հայտարարությանը: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակ Շոն Մքքորմակը հայտարարել է, թե ԱՄՆ-ը հասկանում է, որ թուրքական բանակը ցանկանում է թուրք ժողովրդին պաշտպանել ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից` միեւնույն ժամանակ նշելով, թե Թուրքիայի` Իրաքում ռազմական գործողություններ սկսելը հարցի լուծում չի կարող դառնալ. «Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն է: Սակայն թուրքական ուժերի` Իրաքում ռազմական գործողություններ սկսելը ստեղծված իրավիճակի համար հարցի լուծում դառնալ չի կարող»,- հայտարարել է մամլո խոսնակը: Շոն Մքքորմակը նշել է նաեւ, որ հարցը կարող է լուծվել երկու պետությունների կառավարությունների համագործակցությամբ. «Այս ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որպեսզի միասնաբար հանդես գան թուրքական եւ իրաքյան կառավարությունները: Մենք շարունակում ենք աշխատել թե' թուրքերի, եւ թե' իրաքցիների հետ եւ միեւնույն ժամանակ ձգտում այս հարցի շուրջ երկու պետությունների միջեւ ստեղծել համագործակցություն»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակը: Հիշեցնենք, որ հունիսի 27-ին մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը հայտարարել էր Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային