ԱՅՍՕՐ ԻՆՏԵԼԵԿՏԸ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ Է ՄՂՎԱԾ,- ԱՍՈՒՄ Է ԳՐՈՂ ՎԱՀԵ<br /> ԱՐՍԵՆԸ<br />


ԱՅՍՕՐ ԻՆՏԵԼԵԿՏԸ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ Է ՄՂՎԱԾ,- ԱՍՈՒՄ Է ԳՐՈՂ ՎԱՀԵ
ԱՐՍԵՆԸ

  • 18-06-2007 19:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հեռուստատեսությունը պետք է ունենա կրթական եւ դաստիարակչական նշանակություն, սակայն հայկական հեռուստատեսությունն այսօր ողողված է միայն ցածրորակ հաղորդումներով: Հունիսի 18-ին թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետ համատեղ ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի դասախոս, գրող Վահե Արսենը: «Ինչ դաստիարակության մասին կարող է խոսք լինել, եթե առավոտից մինչեւ կեսգիշեր հեռուստաեթերով մատուցվում է անորակ երաժշտություն, տեսնում ենք «աստղերի», որոնք չես էլ հասկանում, թե ինչ են երգում: Այսօր հայ հասարակությունում առաջին պլանում են միջակությունները, իսկ ինտելեկտը, ցավոք, հետին պլան է մղված»,- նշեց Վ.Արսենը: Ըստ Ա.Թոփչյանի, վերջին տարիներին Հայաստանում ավելացել է պետապատվերով հրատարակվող գրքերի թիվը, ինչին զուգահեռ նվազել է գիրք կարդացողների քանակը: «Ներկայումս գիրքն ու գրականությունը փոխարինվել են այլ արժեքներով, իսկ ստեղծված վիճակը հնարավոր է ուղղել միայն պետական ռազմավարություն մշակելուց հետո»,- նշեց թարգմանիչը: Ա.Թոփչյանի խոսքերով, Հայաստանում հրատարակված գրքերը մեծ պահանջարկ ունեն Սփյուռքում: Նա այն կարծիքին է, որ տարբեր երկրների ՀՀ դեսպանատներում պարբերաբար պետք է կազմակերպվեն հայկական գրքերի ցուցահանդեսներ: Դա, ըստ Ա.Թոփչյանի, հնարավորություն կտա ոչ միայն հայերին, այլեւ օտարազգիներին ծանոթանալ հայ գրողների ստեղծագործություններին: Վ.Արսենը գտնում է, որ հայկական գրականությունը տարածելու համար անհրաժեշտ է հատուկ մոտեցում: «Եթե մատենաշար է հրատարակվում, ապա այնտեղ պարտադիր լինում են այս կամ այն չինովնիկի բարեկամի գործերը: Սակայն մենք պետք է կարողանանք այնպիսի գործեր ներկայացնել, որոնք մրցունակ են աշխարհում»,- նշեց Վ.Արսենը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play