ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑ<br /> «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ» ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ<br />


ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ» ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

  • 19-05-2007 16:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 19-ին արվեստասեր հասարակայնությունը վերջին հրաժեշտը տվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանին: Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ կառավարության անդամներ: Դերասան Արթուր Ութմազյանի խոսքերով, Գ.Գասպարյանը համաշխարհային մեծություն էր, հզոր անհատականություն` իր գործունեությամբ եւ ապրած կյանքով: «Յուրաքանչյուր մեծ արվեստագետ անփոխարինելի է, եւ Գ. Գասպարյանի պակասը միշտ կզգանք հայ օպերային բեմում»,- նշեց Ա.Ութմազյանը: Ըստ նրա, ցավոք մեր մեծերից շատերը կյանքից հեռանում են դառնացած, քանի որ վերջին 15-20 տարիներին մեծագույն արվեստագետները ըստ արժանվույն չեն գնահատվում: «Մենք կենդանության օրոք չեն գնահատում մեր մեծերին: Եվ իզուր չեն Պարույր Սեւակի այն խոսքերը, թե կտրվելուց հետո ենք հասկանում ծառի բուն հաստությունն ու մեծությունը»,- ընդգծեց դերասանը: Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանի խոսքերով, Գ.Գասպարյանը կենդանության օրոք արդեն լեգենդ էր: Նրա բնութագրմամբ, երգչուհին պարզ, բարի եւ կամեցող անձնավորություն էր, ով լավ իմանալով իր արժեքն ու գինը, շատ հասարակ էր կյանքում: «Նա աստվածուհի էր բեմում, եւ նման մեծություններ ոչ թե հարյուր, այլ հազար տարին մեկ են ծնվում: Մենք պետք է գիտակցենք, որ Գ. Գասպարյանը գոհար էր մեր մշակույթում»,- նշեց Է.Թադեւոսյանը: «Ոչ միայն հայ երգարվեստը, այլեւ հայ մշակույթը մեծ կորուստ կրեց, որովհետեւ Գ.Գասպարյանի շնորհիվ հայ մշակույթի սահմանները ընդլայնվեցին` հասնելով համաշխարհայինի: Բայց նա միշտ մնաց ամենաազգային, ամենահայկական երգչուհին»,- նշեց ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխանախարար Կարինե Խոդիկյանը: Ըստ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի, Գ.Գասպարյանը այն արվեստագետներից էր, ովքեր իրենց կյանքով ու ստեղծագործությամբ խորհրդանշում են մի ողջ ժամանակաշրջան: Գ.Գասպարյանի աճյունը ամփոփվեց Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play