ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԻՏԱԼԱՑԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՍՑԵՆԱՐԻՍՏ ՏՈՆԻՆՈ<br /> ԳՈՒԵՐԱՅԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԻՏԱԼԱՑԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՍՑԵՆԱՐԻՍՏ ՏՈՆԻՆՈ
ԳՈՒԵՐԱՅԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ

  • 19-04-2007 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում առաջիկայում կստեղծվի աշխարհահռչակ իտալացի սցենարիստ, դրամատուրգ եւ պոետ Տոնինո Գուերայի անվան պուրակ` Իտալական փողոցի դիմաց` Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Ստեփան Շահումյանի արձանների միջեւ ընկած տարածքում: Ինչպես ապրիլի 19-ին մամլո ասուլիսում հայտարարեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը, պուրակի բացումը տեղի կունենա ամռանը` «Ոսկե ծիրան - 2007» միջազգային կինոփառատոնի օրերին, որին կմասնակցի նաեւ Տոնինո Գուերան: «Տոնինո Գուերան արդեն իր համաձայնությունն է տվել, որ պուրակում կառուցվեն շատրվաններ իր հեղինակած էսքիզով (Գուերան հայտնի է նաեւ շատրվանների էսքիզներով, որոնք մեծ արժեք ունեն,-ՆՏ)»,- հայտնեց Ա.Մազմանյանը: Պուրակի կառուցման աշխատանքները անմիջականորեն ղեկավարելու է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Պուրակի ճարտարապետը հայտնի գրող Կոստան Զարյանի թոռն է` Արա Զարյանը, ով բնակվում է Վենետիկում: Ա.Մազմանյանի խոսքերով, հռչակավոր իտալացի սցենարիստը, ով արդեն 15 տարի է չի գրում սցենարներ ո'չ թատրոնի, եւ ո'չ էլ կինոյի համար, իր իսկ ցանկությամբ սցենար է գրել «Գոյ» թատրոնի համար: Եվ ամռանը, երբ Գուերան կրկին Հայաստան գա, կսկսվեն ներկայացման փորձերը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ իր եւ Գուերայի ծանոթությունն ու բարեկամությունը սկսվել է անցյալ տարվանից, երբ անվանի գրողը Երեւան էր ժամանել` որպես հյուր մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Ա.Մազմանյանը նշեց, որ ինքը ապրիլի 16-ին մասնակցել է Տոնինո Գուերայի ծննդյան 87-ամյակին եւ նրան նվիրել Ջուղայի խաչքարերից մեկի նմանությամբ պատրաստված 250 կիլոգրամանոց մի խաչքար: Հայաստանից մեկնելուց հետո Գուերան մոտ 30 հոդված, լիտոգրաֆիական աշխատանքներ եւ մեկ պոեմ է գրել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Ըստ Մազմանյանի, Գուերան ամենուր պատմում եւ ներկայացնում է «Ոսկե ծիրան» փառատոնը եւ հորդորում կինոյի բնագավառի բոլոր հայտնի անձանց «մեկնել Երեւան եւ մասնակցել այդ փառատոնին»: «Ես կարծում եմ, որ սա լավագույն աջակցությունն է Հայաստանին, որ կատարվում է արվեստի եւ արվեստի մարդու միջոցով»,- ընդգծեց Մազմանյանը: Բացի այդ, Երեւանում բացվել է Տոնինո Գուերայի անվան միջազգային մշակութային ասոցիացիայի մասնաճյուղ, որի նախագահը Ա.Մազմանյանն է: Վերջինս նշեց, որ մաշակութային այդ ասոցիացիայի միջոցներով ամեն տարի հայաստանցի երիտասարդ ռեժիսորներ, սցենարիստներ եւ օպերատորներ մեկամսյա վարպետության դասընթացներ կանցնեն Իտալիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play