ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ԿԱՐԾԻՔՈՎ, «ԵՍ ԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՈԻՆԵՆԱ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ԿԱՐԾԻՔՈՎ, «ԵՍ ԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՈԻՆԵՆԱ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 18-04-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ` ապրիլի 25-30-ը Երեւանում կանցկացվի «Ես եմ» միջազգային ամենամյա երիտասարդական փառատոն: Ինչպես ապրիլի 18-ին մամլո ասուլիսում նշեց փառատոնի տնօրեն եւ ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, փառատոնին մասնակցության համար 17 երկրներից ստացվել է 220 ֆիլմ, որոնցից ժյուրին ընտրել է 105-ը: Ռ.Գեւորգյանցի դիտարկումներով, անցյալ տարի ներկայացված ֆիլմերի որակն ավելի բարձր է եղել, քան այս տարվանը. «Ֆիլմերը քանակով ավելի շատ են ստացվել, սակայն որակական առումով էական զարգացում չնկատվեց»: Ռ.Գեւորգյանցը փաստեց նաեւ, որ ընդհանուր առմամբ, «ներկայացված հայտերից շատ թույլ են խաղարկային ֆիլմերը», իսկ վավերագրական կինոնկարները համեմատաբար ավելի հաջողված են: Փառատոնի տնօրենը նաեւ կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ «Գրան-պրի» մրցանակ չի լինի այս տարի, քանի որ ինքը ներկայացված հայտերի մեջ չի տեսնում այդ մրցանակին հավակնող գործ: Ռ. Գեւորգյանցը նշեց նաեւ, որ հայտատուների մեծ մասը երիտասարդ ստեղծագործողներ են: Նրանցից շատերն առաջին անգամ են մասնակցելու այս փառատոնին: «Այս փառատոնը հենց նրանց համար է կազմակերպվում, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց աշխատանքներն ու կարողանան ճանապարհ հարթել իրենց համար»,- ընդգծեց Ռ.Գեւորգյանցը: Փառատոնի տնօրենը նշեց նաեւ, որ նախորդ տարիներին այս կինոփառատոնում մրցանակների արժանացած ռեժիսորները հաջողությունների են հասել նաեւ այլ փառատոներում: «Դա նշանակում է, որ ժյուրին անաչառ է աշխատում, եւ մեր չափանիշները համապատասխանում է միջազգայինին»,- նշեց Ռ.Գեւորգյանցը: Ժյուրիի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ամենայն հավանականությամբ, այսուհետ փառատոնը կկազմակերպվի 2 տարին մեկ անգամ, քանի որ 1 տարվա ընթացքում չեն ստեղծվում հետաքրքիր ու նոր խոսք պարունակող արժեքավոր ֆիլմեր: Փառատոնի կազմկոմիտեն սահմանել է 8 մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն ուսանողական աշխատանք, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն երաժշտական կլիպ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն տեսա-արտ: Բոլոր մրցանակակիրները կստանան դիպլոմ, մրցանակ եւ դրամական պարգեւ: Ռ. Գեւորգյանցը հայտնեց նաեւ, որ վավերագրական ֆիլմ անվանակարգում սահմանվել է նոր` Արա Վահունու անվան մրցանակ` ի հիշատակ անվանի կինոռեժիսորի: Փառատոնի պատասխանատուի խոսքերով, ամբողջ փառատոնի համար ծախսվել է ավելի քան 7 մլն դրամ (մոտ 20 հազար դոլար), որից 1,5 մլն դրամը հատկացվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play