ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՆԱ` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ<br /> ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ<br />


ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՆԱ` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

  • 31-03-2007 14:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ ապրիլի 1-ը Հայաստանի պաշտոնական տոնացույցի մեջ մտավ որպես «Երգիծանքի եւ հումորի» օր, եւ այս տարի երգիծաբանների մի խումբ վարչապետի աջակցությամբ պատրաստվում էր այդ օրը նշել մեծ շուքով: Սակայն, ինչպես մարտի 31-ի ասուլիսում հայտնեց հումորիստ Սամվել Բաղդասարյանը, վարչապետի անժամանակ մահվան պատճառով մի քանի միջոցառումներ չեն կայանա, այդ թվում` Ազատության հրապարակում նախատեսված տոնական շքահանդեսն ու Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադամիական թատրոնում կայանալիք «Մեկից մեկ» հումորային համերգը: «Վարչապետի մահից հետո այս ծրագրերի սցենարներում պետք է որոշակի փոփոխություններ լինեին, սակայն դրանք կբերեին կեղծություն, այնինչ երգիծանքն ու հումորը կեղծ լինել չեն կարող»,- նշեց Ս.Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ապրիլի 1-ին Շ.Ազնավուրի անվան հրապարակում կբացվի երգիծանկարների ապրիլմեկյան ցուցահանդես, «Ագուլիս» տիկնիկային թատրնում կկայանա «Ծիտը» ներկայացման պրեմիերան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում` «Կատակում են երաժիշտները», Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրնում` «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները» հումորային ծրագրերը: Ըստ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի, վարչապետը երգիծանքի եւ արվեստի նկատմամբ ուներ այնպիսի վերաբերմունք, որ չունեն մեր պաշտոնյաներից շատ շատերը: «Ա.Մարգարյանը գնահատում էր արվեստը, եւ նրա աջակցությամբ բազմաթիվ ներկայացումներ եւ մշակութային միջոցառումներ իրականություն դարձան»,- ընդգծեց դերասանը: Անդրադառնալով հեռուստաեթերով ցուցադրվող հումորային հաղորդումներին, «Ոզնի» երգիծական թերթի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանը նշեց, որ «ցածր մակարդակի հումորն այսօր խրախուսվում է այնպես, ինչպես ռաբիս երաժշտությունը», այդ իսկ պատճառով եթերը ողողված է նմանատիպ հաղորդումներով: Իսկ դերասան Հարություն Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ կգա մի օր, երբ բոլորը կհոգնեն ռաբիս երաժշտությունից ու գռեհկությունից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play