Տիգրան Սարգսյան. ««Ոսկե ծիրան»-ը երեւանցիների կյանքը դարձնում է առավել հտաքրքիր»
11-07-2011 13:13:44 | Հայաստան | Մշակույթ
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը: Չնայած հորդառատ անձրեւին` փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:
Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ոսկե ծիրան»-ը երեւանցիների կյանքը դարձնում է առավել հտաքրքիր: «Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երեւանին ապրել այլ տրամադրությամբ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: «Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյարոսթամիի ,Վավերացված պատճենըե ֆիլմով: