ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՄՏՆՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՄՏՆՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ

  • 08-03-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոլան Բիկով» ֆոնդի հայաստանյան ներկայացուցչության եւ իտալական «Ջիֆոնի» մանկական միջազգային կինոփառատոնի միջեւ ստորագրվել է երկարաժամկետ համագործակցության ծրագիր: Այս մասին մարտի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Փոխնախարարը համոզված է, որ այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի մանկական կինոյի զարգացմանը եւ տարածմանը Հայաստանում: Կ.Խոդիկյանը ընդգծեց, որ գործակցության հիմնական առիթը դարձել է արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացված Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Բացի այդ, Կինոյի եւ հեռուսատատեսության զարգացման հիմնադրամը արդեն 3 տարի է համագործակցում է «Ջիֆոնի» իտալական փառատոնի հետ: Հայ պատանի ստեղծագործողները նկարահանել են փաստավավերագրական ու խաղարկային մի քանի ֆիլմեր եւ ռեպորտաժներ եւ նրանցից առավել ակտիվները ընդգրկվել են այդ փառատոնի ժյուրիի մանկական կազմում: Ասուլիսին ներկա «Ջիֆոնի» մանկական միջազգային կինոփառատոնի տնօրեն Կլաուդիո Գուբիտոսին հայտնեց, որ 37 տարի առաջ հիմնադրված «Ջիֆոնի» մանկական միջազգային կինոփառատոնին 2007 թվականին կմասնակցեն նաեւ հայ մանուկներն ու պատանիները: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի նախատեսվում է մի խումբ հայ երիտասարդների եւ պատանիների համար Իտալիայում կազմակերպել մեկամսյա մաստեր-դասընթացներ: Երեւանում գտնվելու օրերին Գուբիտոսին հանդիպել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Ըստ նրա, հանդիպումը անցել է չափազանց հետաքրքիր եւ աշխույժ մթնոլորտում. «Ես մեծ տպավորություններով հեռացա նրանցից եւ համոզված եմ, որ նրանցից ոմանք կհամագործակցեն մեզ հետ»: «Ջիֆոնի» մանկական միջազգային կինոփառատոնի տնօրենը հայտնեց, որ ինքը երկու տեսախցիկ է նվիրելու երիտասարդ ստեղծագործողների երկու խմբերի, որոնք մինչեւ այս տարվա հունիս ամիսը պետք է նկարեն 10 ֆիլմ վանքերի մասին` համեմելով դրանք երեւակայական ժամանակակից պատմություններով, եւ եթե ֆիլմերը ժամանակին պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն «Ջիֆոնի» կինոփառատոնին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play