Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվով նահանջ է ապրել,-
արձանագրում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը
17-11-2009 17:32:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թրանսփարենսի
ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Կոռուպցիայի ընկալման
համաթվի (ԿԸՀ) ցուցակում ընդգրկված 180 երկրներից 129-ի
ցուցանիշները 5-ից ցածր են (10 բալանոց համակարգում): Այս մասին
նոյեմբերի 17-ի ասուլիսում հայտնեցին կենտրոնի նախագահ Ամալյա
Կոստանյանն ու գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Ա.Կոստանյանի
խոսքերով, ԿԸՀ-ն մի ցուցանիշ է, որը ստացվում է մի շարք միջազգային
հեղինակավոր կառույցների անցկացրած հարցումների համադրմամբ: Այն
ցույց է տալիս, թե տվյալ երկրում կոռուպցիայի ինչպիսի մակարդակ է
ընկալվում հարցվող քաղաքացիների կողմից:
Ա.Կոստանյանը հայտնեց, որ անկայուն պետությունները`
պատերազմից կամ զինված հակամարտությունից տուժած, ունեն ամենացածր
ԿԸՀ-ն: Այդ երկրներն են Սոմալին` 1,1, Աֆղանստանը` 1,3, Մյանման`
1,4, եւ Սուդանն ու Իրաքը` 1,5-ական համաթվով: Ամենաբարձր
ցուցանիշներն ունեն Նոր Զելանդիան` 9,4, Դանիան` 9,3, Սինգապուրն
ու Շվեդիան` 9,2, Շվեյցարիան` 9:
Վ.Հոկտանյանն իր հերթին հայտնեց, որ նախկին ԽՍՀՄ
պետությունների շարքում առաջատարը Էստոնիան է` 6,6 համաթվով: Անցած
տարվա համեմատ առաջընթաց են գրանցել Վրաստանը, որի ԿԸՀ-ն 3,9-ից
աճել է մինչեւ 4,1, եւ Ադրբեջանը, որի ԿԸՀ-ն 1,9-ից բարձրացել է
մինչեւ 2,4: Հայաստանը արձանագրել է փոքր նահանջ` 2,9-ից մինչեւ
2,7: Վ.Հոկտանյանկ նկատեց, որ ներկա դրությամբ նախկին ԽՍՀՄ
երկրներում վիճակն ավելի վատ է, քան քաղաքացիական պատերազմ ապրած
աֆրիկյան երկրներում: