Հարյուրից ավելի սփյուռքահայ ճարտարապետներ արդեն իրենց<br /> ներուժն են ներդնում Հայաստանում իրականացվող նախագծերում<br />


Հարյուրից ավելի սփյուռքահայ ճարտարապետներ արդեն իրենց
ներուժն են ներդնում Հայաստանում իրականացվող նախագծերում

  • 28-10-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի Շանհայ քաղաքում հաջորդ տարի անցկացվելիք «EXPO-2010» միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայանալու է «Աշխարհի քաղաք» վիրտուալ ծրագրով: Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ սփյուռքահայ ճարտարապետներին արդեն իսկ առաջադրվել է ըստ եվրոպական, պարսկական, ամերիկյան եւ այլ թաղամասերի քաղաք նախագծելու ծրագիր: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում` «ՀՅԴ» խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանի հարցին ի պատասխան, հայտնեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունում կա գաղափար, բայց ոչ վերջնական որոշում` «EXPO-2010»-ում այդ նախագծի հաջողության դեպքում, քաղաքը կառուցել Հայաստանում` Մասիսի ստորոտում, Խոր Վիրապի շրջակայքում: Միեւնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ Աշխարհի քաղաք հիմնելու դեպքում որեւէ ճարտարապետական կամ հնագիտական կառույցի վնասելու հավանականությունը կբացառվի: «Տա Աստված, որ գա այդ օրը, եւ այդ քաղաքը կառուցվի` որպես շատ հետաքրքիր գաղափար եւ նորույթ, որպես շնորհակալություն բոլոր այն երկրներին, որոնք դռները բացել են եւ մեր հայ ժողովրդին ընդունել են իրենց երկրներում»,- ասաց սփյուռքի նախարարը: Նա տեղեկացրեց նաեւ, որ սփյուռքահայ 150 ճարտարապետների ներուժը ներկայումս օգտագործվում է Հայրենիքի կողմից առաջադրված այլ խնդիրներում եւս, մասնավորապես, Երեւան քաղաքի կառուցապատման աշխատանքներում: Ըստ նրա, տարբեր երկրների հայ ճարտարապետներ նախագծային առաջարկներ են ներկայացնում Հայաստանի կառավարությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն