Արմեն Հարությունյանը կոչ է անում սեփական իրավունքների համար
պայքարել սեփական երկրում
23-10-2009 18:24:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն պատրաստ է
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի
արտահերթ զեկույցը, որը վերաբերում է արդար դատաքննության
իրավունքին: Այն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կներկայացվի
հանրությանը: Հայտնելով այս մասին հոկտեմբերի 23-ի ասուլիսում,
Պաշտպանը նշեց, որ բացարձակապես բավարարված չէ Հայաստանում արդար
դատաքննության իրավունքի պաշտպանության վիճակով: Ի դեպ, Պաշտպանի
հաստատության հետ չհամագործակցող մարմինների ցանկում առաջինը
դատախազությունն է:
Ա.Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ ավելի քան մեկ
տարվա գործունեությունից հետո հաջողվել է հասնել նրան, որ Լեռնային
Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանը դարձել է Եվրոպական
օմբուդսմանի ինստիտուտի լիիրավ անդամ, իսկ ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանը` առաջին անգամ Հարավային Կովկասի պատմության մեջ, ընտրվել
այդ մարմնի ղեկավար խորհրդի անդամ:
Իր գլխավորած հաստատության գործունեության դրական
արդյունքներից Ա.Հարությունյանը, մասնավորապես, նշեց 39 ընտանիքի`
105 հոգու, սեփականության իրավունքի վերականգնումը: Ըստ նրա,
Երեւանի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների գործերը
վերջիններիս համար հաջող ընթացք են ունենում: «Հյուսիսային պողոտան
ժամանակին մի մեծ պրոյեկտ էր մարդկանց սեփականությունը շատ էժան
գներով վերցնելու եւ դրա տակ քողարկված բիզնես անելու` հանրային
շահերի անվան տակ»,- հայտարարեց Ա.Հարությունյանը: Հիշեցնելով, որ
պողոտայի հուսալքված բնակիչներից մեկը հայտարարել էր, թե քաղաքական
ապաստարան է խնդրելու Թուրքիայում, Պաշտպանը կոչ արեց սեփական
իրավունքների համար պայքարել սեփական երկրում:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Ա.Հարությունյանը
հայտնեց, որ Թուրքիան Եվրոպական դատարանում իր դեմ ամենաշատ
վճիռներ եւ խախտումներ ունեցող երկրներից մեկն է: Բացի այդ,
Թուրքիայում չկա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, եւ
վերջերս միայն Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է
օր առաջ ստեղծել այդ ինստիտուտը: