Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի<br /> Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի
Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին

  • 09-10-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամուհիների հետ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու Նորին Սրբությանը: Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքն է հայտնել ներկաներին` վստահություն հայտնելով, որ երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի հոգին այս պահին ուրախություն է ապրում եւ օրհնում նրանց, որ համախումբ մեկտեղվել են Սուրբ Էջմիածնում եւ տոնախմբում են միության հոբելյանը, որ ստեղծվեց հոգելույս Հայոց Հայրապետի գահակալության շրջանում: «Գնահատելի է Ձեր նվիրումը, սերը եւ հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որոնք երբեք չեն սասանվել եւ չեն տկարացել: Մշտապես, բոլոր պարագաներում դուք քաջությամբ, լավատեսության ոգով եւ առ Ս. Էջմիածինը հավատով իրականացրել եք ձեր ծառայությունը` ջերմ պաշտպանը մնալով Ամենայն Հայոց Հայրապետության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»,- ասել է Նորին Սրբությունը` նշելով, որ բոլոր սերունդները գնահատանքով պիտի հիշեն Համախմբումի անդամուհիների նվիրյալ ծառայությունը եւ սերը ժողովրդի, Հայոց Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ: Համախմբումի անդամները շնորհակալություն են հայտնել Նորին Սրբության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգատար վերաբերմունքի եւ ջերմ ընդունելության, ինչպես նաեւ մեկշաբաթյա հագեցած ժամանակացույցի համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն