Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս.<br /> Թարգմանչաց տոնը<br />


Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս.
Թարգմանչաց տոնը

  • 09-10-2009 15:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս. Թարգմանչաց տոնը: Ինչպես նշված է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդագրությունում, Հայաստանը միակ երկիրն է, որն ունի Թարգմանիչների տոն: Եվ դա պատահական չէ, քանի որ Ս. Թարգմանիչների շնորհիվ հայ ազգն ունեցավ իր հայաբարբառ Աստվածաշունչը, կերտեց իր ինքնությունը եւ իր ուրույն տեղն ու դերը հաստատեց համաշխարհային մշակույթում: Ս. Թարգմանիչների շնորհիվ հայ ազգն ունեցավ հարուստ հոգեւոր ժառանգություն` շարականներ, ծիսական, աստվածաբանական գրականություն: Թարգմանվեցին Էվկլիդեսի, Արիստոտելի, Պլատոնի գործերը: Եկեղեցիների պատերին հայտնվեցին հայկական արձանագրություններ: Հայ մտածողության արդյունքում հայ ազգն ունեցավ յուրահատուկ ճարտարապետություն, մանրանկարչություն, գորգագործություն, ձեռագրագիտություն, բժշկագիտություն, այլ իմաստասիրական գործեր: Ծաղկեց հայի հանճարը, որի գագաթներն են` Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Գրիգոր Նարեկացի, Ս. Ներսես Շնորհալի, Ս. Գրիգոր Տաթեւացի եւ այլք: Այբուբենի 36 տառերը դարձան յուրովի վահան` պահպանելու հայ ազգին օտար հարձակումներից, ձուլման վտանգից: Աշխարհի որ ծայրում էլ որ հայերը եղել են, հաստատել են իրենց մշակույթը եւ օտարներին հաղորդակից դարձրել աստվածային այդ պարգեւների: Համաշխարհային առումով միջնադարյան հայ գրականությունը հաճախ հանդիսանում է որպես սկզբնաղբյուր, ինչպիսիք են` Արիստոտելի «Ստորոգությունները», Տիմոթեոս Կուզի «Հակաճառությունը» եւ բազում այլ գրքեր, որոնց հունարեն բնագրերը կորած են եւ միայն հայերենով հնարավոր է հաղորդակցվել այդ հարուստ ժառանգությանը: Հայ բժշկապետերը իրենց բժշկարաններում հիշում են հույն, արաբ եւ այլ ազգի բժշկապետերի անուններ, ում գործերը իսպառ կորել են պատմության թոհուբոհի մեջ: Եվ միայն հայկական գրաբարյան աղբյուրների միջոցով հնարավոր է վերականգնել բնագրերը: Հին ազգերի երաժշտական մտածողության լավագույն արգասիքն ամբարվեց եւ ամփոփվեց հայ շարականագիտության մեջ: Անանիա Շիրակացու միջոցով կամուրջ գցվեց ճշգրիտ գիտությունների համաշխարհային ձեռքբերումների եւ տիեզերագիտական ստեղծագործությունների միջեւ: Երբ անգլերենով եւ այլ լեզուներով թարգմանվեց Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը, մարդկությունը հայտարարեց. «Նա բոլոր ժամանակների աղոթողն ու բանաստեղծն է»: Պատահական չէ, որ ուշ միջնադարում Մաշտոցյան աստվածաշնչյան թարգմանությունը որպես համեմատական գնահատական այլ թարգմանությունների հետ դիտվեց որպես «Թագուհի թարգմանութեանց»: Հայոց տառերի` այբուբենի ստեղծումը, հովանավորվում էր Վռամշապուհ արքայի կողմից` օրհնությամբ Հայոց կաթողիկոսի եւ տքնաջան աշխատությամբ Ս. Մեսրոպ Մաշտոց Վարդապետի եւ Աստծո նախախնամությամբ: Ինչպես քրիստոնեությունը հրաշքով հաստատվեց Հայոց աշխարհում, այնպես էլ հայերեն տառերը հրաշքով տրվեցին հայ ժողովրդին: «Գիրքը քաղաքակրթության տարածման եւ զարգացման անիվն է», «Մենք կա'նք, մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով եւ գրքով»,- նշել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նոյյան տապան  -   Հասարակություն