ՀՀ սփյուռքի նախարարը եւ Համազգային հայ կրթական եւ<br /> մշակութային միության ներկայացուցիչները քննարկեցին ազգային<br /> նշանակության մի շարք հարցեր<br />


ՀՀ սփյուռքի նախարարը եւ Համազգային հայ կրթական եւ
մշակութային միության ներկայացուցիչները քննարկեցին ազգային
նշանակության մի շարք հարցեր

  • 22-09-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության («Համազգային») վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի գլխավորած պատվիրակության սեպտեմբերի 22-ի հանդիպման ժամանակ քննարկվեցին նախարարության ծրագրերին Համազգայինի մասնակցության, Սփյուռքի համայնքներում հայկական կառույցների եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման մեջ Հայոց պետության եւ Սփյուռքի դերակատարության հարցերը, ինչպես նաեւ նախորդ օրն ավարտված իրավաբանների համահայկական առաջին համաժողովի արդյունքները: Տիկին Հակոբյանը կարեւորեց մոտ 20 երկրների ավելի քան 70 սփյուռքահայ մասնագետների մասնակցությամբ անցած համաժողովում իրավաբանների համահայկական ընկերակցության հիմնումը, հայտարարության ընդունումը, քննարկված թեմաների կարեւորությունն ու բազմազանությունը: Նա առանձնացրեց արգենտինահայ իրավաբան Ռոբերտո Մալխասյանի` ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ ֆրանսահայ իրավաբան Ալեքսանդր Ասլանյանի` Հայոց ցեղասպանության վերջին զոհ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունում թուրքական դատարանի կամայականությունների արգելման նպատակներով փաստաբանների միջազգային համագործակցության հնարավորությունների մասին զեկույցները: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերակցության կազմում ձեւավորվել է հինգ խումբ, որոնք իրավաբանների համահայկական ցանցի շրջանակներում կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արտերկրում հայկական ունեցվածքի եւ հուշարձանների պատկանելիության ձեւակերպման, Հայաստանի օրենսդրության կատարելագործման առաջարկների մշակումով: Հյուրերի խնդրանքով տիկին նախարարը ներկայացրեց նախարարության եւ Համազգայինի հնարավոր համագործակցության ծրագրերը: Դրանցից է 2010թ. անցկացվելիք «Արեւմտահայերենի դասավանդման վիճակը Սփյուռքում» համաժողովը: Նախատեսվում է ձեւավորել Սփյուռքի տարածաշրջանային-կրթական 5-6 կենտրոններ եւ Հայաստանը ներկայացնող գիտնականներից բաղկացած խումբ, որը կկազմի արեւմտահայերենի միասնական դասագիրք: Համացանցի օգտագործմամբ իրականացվող ծրագրերից տիկին Հակոբյանը առանձնացրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը եւ համահայկական հանգույցի ու որոնման համակարգի զարգացման ծրագիրը: Նախատեսվում է, որ թերթը, ի լրումն արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն եւ ռուսերեն տարբերակների, շուտով կունենա ֆրանսերեն, հետագայում նաեւ իսպաներեն եւ թուրքերեն տարբերակները: Բացի այդ, ծրագրվում է նպաստել հայաստանյան հեռուստաալիքների սփռման ծածկույթի եւ համացանցի միջոցով Սփյուռքի համայնքների միջեւ հեռահաղորդակցման հնարավորությունների ընդլայնումը: ՀՀ սփյուռքի նախարարը կարեւորեց համայնքներում կիրակնօրյա դպրոցների ցանցի ընդլայնումը, հայագիտության մասնագետների սերնդափոխության կազմակերպումը: Համազգայինի պատվիրակության կողմից նշվեց համացանցում արեւելահայերենից-արեւմտահայերենի եւ հակառակի փոխարկման, ինչպես նաեւ արեւմտահայերենի ուղղագրության ստուգման ծրագրերի գործարկման անհրաժեշտությունը: Հյուրերը կարեւորեցին օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններում մշակութային կցորդներ ունենալու անհրաժեշտությունը: Տիկին Հակոբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումների հեռանկարները անձամբ ներկայացնել մոտ ապագայում Սփյուռքի տարածաշրջանային կենտրոններ կատարելիք այցերի շրջանակներում: ՀՀ սփյուռքի նախարարը նաեւ ընդգծեց, որ հարեւանների հետ հարաբերությունների մասին ՀՀ տեսակետներն արտահայտող տեղեկատվության հոսքը կմեծանա: Տիկին Հակոբյանի համոզմամբ, «հայ-թուրքական հարաբերություններ» հասկացությունը շատ ավելի ընդգրկուն է, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն