ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչը հույս ունի, որ Կազանում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը ավելի հիմնարար խնդրում առաջընթաց կգրանցվի <br />


ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչը հույս ունի, որ Կազանում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը ավելի հիմնարար խնդրում առաջընթաց կգրանցվի

  • 13-06-2011 19:56:59   | Հայաստան  |  Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ամենից կարեւորը ռազմական հակամարտությունից խուսափելն է եւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների անցկացումն արդեն իսկ լավ է։ Այս մասին հունիսի 13-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Լիտվայի, արտակարգ ու լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը։ Նա նշեց, որ որոշակի հույսեր կան, որ Կազանում կայանալիք առաջիկա եռակողմ հանդիպմանը առաջընթաց կարձանագրվի ավելի հիմնարար՝ հակամարտության լուծման սկզբունքներին հավանություն տալու հարցում։ «Եթե նույնիսկ այս անգամ դա չհաջողվի, կարծում եմ, միեւնույն է, մենք պետք է դրական գնահատենք Ռուսաստանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահների կողմից առաջ քաշվող նախաձեռնությունները»,- ասաց ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչը։ Դեսպանն ընդգծեց, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի կողմերի միջեւ վստահության հասնելու խնդրին՝ այստեղ թեեւ կա առաջընթաց, սակայն դա բավարար չէ։ Ըստ Գեդրիուս Ապուոկասի, լավ կլիներ, որպեսզի գործի դրվեին ռազմական եւ քաղաքացիական բնույթի վստահության միջոցառումները, ակտիվանային շփումները կողմերի քաղաքացիական հասարակությունների, երիտասարդության , ոչ կառավարական կազմակերպությունների միջեւ։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ, դեսպանը որպես «շատ հաջող» գնահատեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերին, ինչպես նաեւ Հայաստանի բանակաշինության, զինված ուժերի կառավարման եւ այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացը։
Նոյյան տապան  -   Քաղաքական