Թուրք ռեժիսորին շնորհվեց «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը


Թուրք ռեժիսորին շնորհվեց «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը

  • 16-07-2011 16:11:28   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը թուրք կինոռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանին շնորհեց փառատոնի «Վարպետ» մրցանակը, որը տրվում է համաշխարհային կինոյում լուրջ ազդեցություն եւ դեմք ունեցող կինոգործիչներին: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Ոսկե ծիրանը» միշտ ցուցադրում է լավագույն թուրքական ֆիլմերը, քանի որ այսօր Թուրքիայում իրոք լավ ֆիլմեր են ստեղծվում: «Այժմ էլ մեզ համար մեծ պատիվ է երեւանյան պրեմիերա շարքում ցուցադրել Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը»,- հավելեց նա: Նուրի Բիլգե Ջեյլանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության եւ մրցանակի համար: Խոսելով իր ֆիլմի մասին՝ նա նշեց, որ այս ֆիլմի սցենարը գրվել է իրական պատմության հիման վրա: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը բարդ է դիտվում, բայց սցենարը այլ կերպ չէր կարող լինել: Նշենք, որ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը արժանացել է Կաննի «Գրան պրի» մրցանակին: Անի Ռափյան
Նոյյան տապան  -   Մշակույթ