Համազգայինի պարի դպրոցը անցկացրել է տարեվերջյան համերգ<br />


Համազգայինի պարի դպրոցը անցկացրել է տարեվերջյան համերգ

  • 25-05-2009 19:10:00   | Լիբանան  |  Մշակույթ
ԲԵՅՐՈՒԹ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բեյրութի «Էմիլ Լահուդ» հանդիսասրահում մարտի 24-ին տեղի է ունեցել Համազգայինի «Գայանե» պարի դպրոցի տարեվերջյան ելույթը: Ինչպես տեղեկանում ենք «Ազդակ» օրաթերթից, համերգին ներկա են եղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, ինչպես նաեւ վեր. Սողոմոն Քիլաղպյանը, հոգեւոր հայրեր, կրթական պատասխանատուներ եւ տնօրեններ, միությունների ներկայացուցիչներ, արվեստասերներ, համազգայնականներ եւ ծնողներ: Միջոցառման բացմանը նշվել է, որ «Գայանե» պարի դպրոցի նպատակն է պատանիներին եւ մանուկներին ծանոթացնել հայ ժողովրդի մշակութային ժառանգության մի հատվածի պարարվեստին: Շուրջ մեկուկես ժամ տեւած համերգի ընթացքում ելույթ են ունեցել պարի դպրոցի ավելի քան երկու հարյուր աշակերտները, որոնք ներկայացրել են «Սարդարապատ», «Ուզունդարա», «Արարատյան աղջիկներ», «Քոչարի», «Բերդ», «Անուրջներ» եւ այլ պարեր: Ծրագրում տեղ են գտել նաեւ իսպանական եւ հունական պարեր: Հանդիսության ավարտին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը բարձր է գնահատել դպրոցի աշակերտների կատարումները, նշել, որ Համազգայինը մեծ դպրոց է, որտեղ աշակերտները հայկական ինքնության պահպանման դասեր են ստանում: Սրբազանի խոսքերով, Համազգայինն իր եռանդով ու ոգեւորությամբ մշակութային եւ ազգային առողջ մթնոլորտ է ստեղծում զույգ կենտրոններում` արժեքավորելով լիբանանահայ գաղութի ամրությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play