Երեւանում բացվեց հայազգի 15 լուսանկարիչների ցուցահանդես եւ<br /> ներկայացվեց Վ.Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը<br />


Երեւանում բացվեց հայազգի 15 լուսանկարիչների ցուցահանդես եւ
ներկայացվեց Վ.Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը

  • 20-04-2009 21:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատկերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ ապրիլի 20-ին բացվեց հայազգի 15 ճանաչված լուսանկարիչների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեց նաեւ հայտնի լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը: Ինչպես ցուցահանդեսի բացման խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վահան Քոչարի կազմած պատկերագիրքը հանրագիտարանային եւ տեղեկատվական մեծ նշանակություն ունի: Ըստ նախարարի, այդ գրքով Վ.Քոչարը հիմք է դրել նաեւ հայ լուսանկարիչների միջեւ կապի ստեղծմանը: Նախարարը նաեւ շնորհավորեց արվեստագետին իր 60-ամյակի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով նման ցուցահանդես նախաձեռնելու համար, Վահան Քոչարը նշեց, որ այդպիսով իր հոր` անվանի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի, երազանքը իրականություն դարձավ: Այսպիսով, Ա.Քոչարն ավարտեց իր հոր սկսած գործը` տպագրելով աշխարհասփյուռ հայ լուսանկարիչներին նվիրված պատկերագիրքը: Այժմ նախապատրաստվում է գրքի լրացված անգլերեն երկհատոր տարբերակը: Ինչպես նշված է ՀՀ Սփյուռքի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ, «Հայ լուսանկարիչներ» բառարանային պատկերագիրքը լույս է տեսել 2007թ. վերջին 488 էջով եւ 1000 տպաքանակով Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Գիրքն ամբողջական հանրագիտարան է սփյուռքի եւ հայրենիքի լուսանկարչական ժառանգության, որ մինչ օրս հավուր պատշաճի չի ներկայացվել հայ հանրությանը: Գրքում նշված է մոտ 480 հայ լուսանկարչի անուն: Նրանցից 300-ը ներկայացված են իրենց կենսագրականներով եւ լուսանկարներով, իսկ 180-ի անունները հայտնաբերվել եւ զետեղվել են տարբեր լուսանկարչական կնիքների եւ ծրարների վրա: Գրքում զետեղված են համաշխարահային հռչակ ստացած այնպիսի լուսանկարիչների անուններ, ինչպիսիք են կանադահայեր Յուսուֆ Քարշը, Արթո Գավուքը, պոլսահայ Արա Գյուլերը, ամերիկահայ Հարրի Քունդակչյանը եւ շատ ուրիշներ: Այս աշխատանքով Վահան Քոչարը փաստորեն առաջին փորձն է արել ամբողջացնելու հայ լուսանկարչական արվեստի պատմությունը: Վահան Քոչարը ծնվել է 1949 հունվարի 25 Երեւանում: Նրա հայրը` հայտնի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը եգիպտահայ է, ով 1947 թվականին հայրենադարձել է Հայաստան: Վահան Քոչարը ավարտել է Կոջոյանի անվան նկարչական դպրոցը եւ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է: «Թանգարան» գրքի համար 1998 Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: Ռազմիկ Դավոյանի «Ոգեղեն հաց» գրքի համար 2002 թ. արժանացել է հայ գրահրատարակիչների մրցանակին: Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում հրատարակված բազմաթիվ հայ նկարիչների պատկերագրքերի գեղարվեստական խմբագիրն է ու նկարիչը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play