Հայաստանի ԿԲ-ն գնաճային ճնշումների դեմ պայքարի գործիքակազմը<br /> չի փոփոխի,-պնդում է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը<br />


Հայաստանի ԿԲ-ն գնաճային ճնշումների դեմ պայքարի գործիքակազմը
չի փոփոխի,-պնդում է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը

  • 04-03-2009 22:59:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լողացող փոխարժեքի» պայմաններում Հայաստանում 8% գնաճի կանխատեսումը ներառում է ինչպես ԱՄՆ դոլարի փոխարժեքի 305-ից մինչեւ 360-380 դրամ աճը, այնպես էլ էներգակիրների գների ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող թանկացումը, նաեւ` համաշխարկահին տնտեսության գնանկումային շարունակվող ազդեցությունները: «Գնաճային ճնշումների դեմ պայքարելու ենք հետեւողաբար` մեր սովորական դրամավարկային գործիքներով, որոնք են տոկոսադրույքները, փողի քանակի կարգավորումը»: Այս մասին մարտի 4-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, սպասվում է նաեւ ավանդների եւ վարկավորման տոկոսադրույքների աճ, քանի որ «գնաճային միջավայրը բերելու է ընդհանուր տոկոսադրույքների բարձրացմանը»: Նշենք, որ ՀՀ ԿԲ-ն վերաֆիանսնավորման տոկոսադրույքը մարտի 3-ին բարձրացրել է միանգամից 1%-ով (սահմավել է 7,75%), այն դեպքում, երբ վերջին շրջանում այն, սովորաբար, փոփոխվում էր 0,25% «քայլով»: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ԿԲ-ն ավելի շուտ ու սահուն չէր անցնում «լողացող փոխարժեքի» քաղաքականությանը, Վ.Գաբրիելյանը նշեց, որ անցումը ժամանակավոր է, եւ կատարվել է այն ժամանակ, երբ ծագել են ֆինանսական կայունության հետ կապված խնդիրներ: Նա հավելեց, որ աստիճանական անցում իրականացրած երկրներում այն եղել է քիչ արդյունավետ եւ ծախսատար: Նշվեց, որ «փոխարժեքի աստիճանական թուլացման քաղաքականությունը կիրառվում է Ռուսաստանում, եւ դրա ամենակարեւոր թերություններից մեկն այն է, որ, թեեւ ծախսվում են մեծածավալ ռեսուրսներ, ինչը կարող է թույլ տալ Ռուսաստանի նման հարուստ, արտաքին պահուստների մեծ ծավալ ունեցող երկիրը, այդտեղ չի կատարվում գնաճի եւ փոխարժեքի արժեզրկման սպասումների փոփոխություն»: Նույնը վերաբերում է Ղազախստանին, Վրաստանին, Բելառուսին, Ադրբեջանին, Ուզբեկստանին: Իսկ այն երկրներում, որտեղ անցումը «լողացող փոխարժեքի» քաղաքականության տեղի է ունենում քիչ թե շատ կտրուկ, «փոխարժեքի արժեզրկման սպասումները շատ արագ են վերանում»: Ըստ ՀՀ ԿԲ նախագահի, Հայաստանում փոխարժեքի վրա ճնշումներն սկսվել են 2008թ.-ի աշնանից: Սեպտեմբերին, վրաց-ռուսական «օգոգստոսյան պատերազմի» հետեւանքով Հայաստան բեռներ չէին մտնում (Վրաստանով Հայաստան է մտնում ներմուծվող բեռների 70%-ը): Նա նշեց, որ դրանից հետո Հայաստանում փոխարժեքի արժեզրկումը չզսպելը կարող էր հանգեցնել ֆինանսական կայունության էական խնդիրների` հավելելով, թե ՀՀ բանկային համակարգի 2009թ.-ի փետրվարի զարգացումների մոնիտորինգը ցույց է տվել, որ երկրի ֆինանսական համակարգը կայուն է, եւ ֆինանսական համակարգի վրա «արդեն եղած տատանումների մեծ մասի հնարավոր ազդեցության ներուժը մեղմվել է»: Նրա գնահատմամբ, նոր պայմաններում բանկային համակարգի ռիսկերն արտահայտվում են այն հանգամանքով, որ «բանկերի պարտավորությունների փոփոխման (եթե պարտավորւթյուններն ավելի շատ արտահայտված են արտարժույթով) պայմաններում ակտիվները նույն արագությամբ չեն փոփոխվում, եւ բանկերը կրում են եւ կշարունակեն կրել փոխարժեքի փոփոխության հետ կապված վնասներ»: Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ «բանկային համակարգին որեւէ վտանգ չի սպառնում, եւ որեւէ բանկում անվճարունակության, միջոցների պակասի, կապիտալի էական վատնման խնդիր չենք ունենա»: Վ.Գաբրիելյանի կարծիքով, դրամի հետագա արժեզրկման սպասումները էականորեն նվազել են, ինչի մասին վկայում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում սակարկությունների արդյունքները. մարտի 4-ին այնտեղ իրականացվել է 7 մլն 390 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372,98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372 դրամ, իսկ մարտի 3-ին` 3 մլն 420 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372,11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372,49 դրամ: Միաժամանակ, նրա խոսքերով, «բնակչության մոտ էականորեն նվազել է դրամն արտարժույթի փոխարկելու միտումը: Մեր համոզմունքն է` քանի որ փոխարժեքի ճշգրտումը բավականաչափ զգալի էր, ապա այդ միտումները պետք է որ շատ շուտով դադարեն արտահայտվել»: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նաեւ հույս հայտնեց, որ շուտով, առանց ԿԲ-ի միջամտությունների, արտարժույթի շուկայում կձեւավորվի նոր հավասարակշիռ մակարդակ, ինչը կվերացնի տնտեսվարողների մոտ առկա փոխարժեքի հետ կապված անորոշությունները` նպաստելով ապրանքային շուկաներում, այն է` առեւտրի ոլորտում, իրավիճակի հանդարտեցմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն