Հայաստանում արդեն գործում են հայկական «Բարվա» ընկերության
արտադրության 12 հակակարկտային կայանքներ
27-02-2009 22:50:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում արդեն
գործում են «Բարվա» ընկերության արտադրության «Զենիթ» կոչվող 12
հակակարկտային կայաններ: Պետական ծրագրով նախատեսվում է երկրում
տեղակայել մինչեւ 1 000 հակակարկտային կայաններ: Այս մասին
փետրվարի 27-ին, կլիմայի փոփոխությանը եւ ածխածնային
արտանետումների ցածր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներին նվիրված
սեմինարի ժամանակ հայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխավոր տնօրեն,
«Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում կան տարեկան մինչեւ 200
հակակարկտային կայաններ արտադրելու եւ տեղակայելու
հնարավորություններ: Մասնավորապես, «խոշոր հողատերերն այս տարի
պատվիրելու են 7-8 կայաններ»:
Նշվեց, որ «Զենիթ»-ը նախկինում կիրառվող եւ հրետանային բնույթ
ունեցող հակակարկտային համակարգերի համեմատ էկոլոգիապես անվտանգ է,
որովհետեւ նախկին համակարգերի արկերում կիրառվում էր արծաթի յոդիդ.
արծաթը եւ յոդը ծանր մետաղներ են:
Ա.Վարդանյանը պարզաբանեց, որ «Զենիթ»-ի հիմքում դրված է
հեղուկ ացետիլենի պայթյունից առաջացած մոտ 5 տոննա ուժգնությամբ
ակուստիկ հարվածային ալիքի գեներացումը: Ալիքը կարող է հասնել
մթնոլորտի 10-11 կմ բարձրության վրա գտնվող շերտերը: Հարվածային
ալիքի ներսում ճնշումը հասնում է 1 000 մթնոլորտի, իսկ
ջերմությունը` մինչեւ 2 000 աստիճան ըստ Ցելսիուսի: Ալիքը
տարածվում է 1 000-1 500 մ/վրկ արագությամբ եւ մոտ 1 կմ շառավղով
հալեցնում է սառույցի բյուրեղները, որոնք, խոշորանալով, պետք է
դառնային կարկուտ:
Համակարգը կառավարվում է օդերեւութաբանական ռադարով (որոշում
է կարկտաբեր ամպերի կոորդինատներն ու բարձրությունը) եւ GPRS
շարժական ինտերնետ կապի միջոցով: Մեկ ռադարով կարելի է կառավարել
100 կմ շառավղով տեղակայված կայաններ, որոնցից յուրաքանչյուրը
կարող է կարկուտից պաշտպանել 100 հեկտար տարածք: Համակարգի մշակման
վրա աշխատել են ծանր մեքենաշինության, քիմիայի, էլեկտրոնիկայի,
հեռահաղորդակցության, ծրագրավորման բնագավառների գիտնականներ:
«Զենիթ»-ի մշակումն իրականացվել է ռազմական տեխնիկայի
հուսալիության ապահովման ստանդարտներին համապատասխան, ինչն ընձեռել
է շահագործման 20 տարվա ժամկետ սահմանելու հնարավորություն: Ըստ
Ա.Վարդանյանի, «Զենիթ»-ի մշակման համար կիրառվել են շատ
նորամուծություններ, համակարգը ստացել է ՀՀ արտոնագիր:
Նա ընդգծեց, որ 2007-08թթ.-ին Շիրակի դաշտում «Բարվա»-ի 6
հակակարկտային կայանները կիրառվել են գրեթե 100%-անոց
արդյունավետությամբ, այն տեպքում, երբ նախկինում այդտեղ տարեկան
մինչեւ 17 անգամ կարկուտ է տեղացել: «Զենիթ» համակարգեր են արդեն
գործում նաեւ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, 2009թ.-ին
դրանք կտեղակայվեն նաեւ Արարատի մարզում: Ինչպես Շիրակի մարզի,
այնպես էլ այլ մարզերի պարագայում, կայանները կտեղակայվեն
Թուրքիային սահմանակից տարածքներում, քանի որ կարկտաբեր ամպեր քշող
քամիները Հայաստան են ներխուժում մեծամասամբ այդ երկրից:
«Բարվա»-ի նախագահը հավելեց, որ հակակարկտային միջոցառումների
չիրականացման պայմաններում կարկուտների հետեւանքով Հայաստանի
գյուղատնտեսության կրած միջին տարեկան վնասը կազմել է 60-70 մլն
դոլար, այն դեպքում, երբ ամբողջ երկրով մեկ հակակարկտային
կայանների տեղակայման ծրագրի արժեքը 30 մլն դոլար է: Մեկ կայանի
արտադրության եւ տեղադրման գինը մոտ 9 մլն դրամ է (մոտ 30 հազար
ԱՄՆ դոլար)` 20% շահութաբերության հաշվարկով: Նա հայտնեց, որ
«Զենիթ»-ն օժտված է նաեւ անձրեւաբեր հատկությամբ, որն ունի խորն
ուսումնասիրության կարիք: Նշվեց նաեւ, որ ներկայումս մշակվում է
նաեւ ցրտահարությունից բույսերի պաշտպանության տեխնոլոգիա:
Ա.Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում հակակարկտային
նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի գյուղատնտեսական
ապահովագրական ծառայությունների ներդրմանը, քանի որ կարկուտի
ռիսկերը, գյուղատնտեսական այլ ռիսկերի համեմատ, ավելի մեծ են:
Նրա տվյալներով, բացի «Զենիթ» կայաններից, ներկայումս
Հայաստանում տեղակայված են արգենտինյան արտադրության 30
հակակակրկտային կայաններ: «Բարվա»-ն իր հակակարկտային կայանքների
արտահանման հետ կապված աշխատանքներ է տանում Վրաստանի, Լիբանանի,
Իրանի հետ:
Սեմինարին մասնակից ՀՀ Բնապահպանության նախարարության`
Կլիմայի փոփոխության միջազգային կոնվենցիայի իրականացման
պատասխանատու Արամ Գաբրիելյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի
միջոցով նախատեսվում է սկսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
համագործակցություն բնական վտանգավոր երեւույթների վաղ ազդարարման
բնագավառում, ինչը կնպաստի կարկտաբեր ամպերի ավելի վաղ
հայտնաբերմանը: