Հայաստանում դոմենների գրանցման գործընթացն արագանում է
19-07-2011 10:47:21 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ինտերնետի Հայաստանին տրված .am տիրույթում ներկայումս գրանցված են շուրջ 15,5 հազ. դոմեններ, ինչը, Հայաստանի բնակչության թվաքանակի հետ համադրելու դեպքում, շատ փոքր է ցուցանիշ է: Մերձբալթյան երկրներում, որոնց բնակչության թվաքանակը համադրելի է Հայաստանի բնակչության թվաքանակի հետ, գրանցված դոմենների թիվը 70-90 հազար է: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի «Ինտերնետ միություն հասարակական կազմակերպության» (ԻՄ- www.isoc.am) փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Նրա խոսքերով, այնուամենայնիվ Հայաստանում դոմենների գրանցման աճի միտումը համահունչ է աշխարհում դոմենային անվանումների օգտագործման աճող ցուցանիշներին, ինչն իր հերթին պայմանավորված է ինտերնետի զարգացումով: Այսպես, մինչեւ 2000թ.-ն Հայաստանում գրանցված էր շուրջ 1 000 դոմեն, այնուհետեւ գրանցվել է մոտ 13,5 հազ. դոմեն, ընդ որում, վերջին 2 տարիներին արձանագրվել է դոմենային անվանումների գրանցման աճի արագացում, ինչը պայմանավորված է ինտերնետին հասանելիության մակարդակի բարձրացմամբ, ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ օտարերկրյա անձանց կողմից .am տիրույթում դոմենային անվանումների գրանցման պահանջարկի մեծացումով:
Գ.Սաղյանը նշեց, որ .am տիրույթում վարվում է բաց դոմենային քաղաքականություն, այնպես, ինչպես Ռուսաստանում ու եվրոպական երկրներում, ինչը պայմանավորված է Հայաստան-Եվրոպա եւ Հայաստան-Սփյուռք ինտեգրման քաղաքականությամբ: «Որքան շատ դոմեն լինի .am տիրույթում, այնքան Հայաստանը ճանաչելի կլինի արտերկրում»,- ընդգծեց նա:
Նշվեց, որ կարեւորագույն գործընթաց է մեսրոպատառ դոմենների ստեղծման հարցի լուծումը: «Այլ երկրներից նման դոմեններին հասանելիության մակարդակը հազիվ թե բարձր լինի, քանի որ աշխարհում քիչ կլինեն այն օգտագործողները, ում անհրաժեշտ կլինի ակտիվացնել հայերեն ստեղնաշարը: Միաժամանակ բացառված չէ, որ մեսրոպատառ դոմենները անհրաժեշտ լինեն ներքին օգտագործման համար»,- պարզաբանեց ԻՄ-ի փոխնախագահը:
Նրա տվյալներով, ներկայումս .am տիրույթում դոմենային անվանումների գրանցումն արժե տարեկան 12 հազ. դրամ (մոտ 32,7 ԱՄՆ դոլար)` 2010թ.-ի 13,2 հազ. դրամի դիմաց: Նշվեց, որ .am դոմենային տիրույթի պահպանման աշխատանքները նույն բնույթի են, ինչ որ 1 մլն դոմենային անվանումով տիրույթինը, եւ .am տիրույթի դոմենային անվանումների թվի մեծացման դեպքում 1 դոմենի տարեկան գրանցման գինը կնվազի:
Գ.Սաղյանը հայտնեց նաեւ, որ ԻՄ-ն միավորում է ինտերնետի օպերատոր բուհերի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ այլ ակադեմիական, գիտահետազոտական հաստատությունների եւ դպրոցների շուրջ 100 ներկայացուցիչների, եւ տրամադրում է դոմենային անվանումներ .am տիրույթում (www.amnic.net):