Գրիգոր Սաղյան. «Անհրաժեշտ է, որ Հայաստանը ներդնի ինտերնետ արձանագրության համարների նոր` IP V6 համակարգ»
19-07-2011 10:55:28 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի «Ինտերնետ միություն հասարակական կազմակերպություն»-ն (ԻՄ- www.isoc.am) իրականացնում է դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ցանցային անվտանգության կենտրոնի գործառույթներ, մասնակցում է թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար ինտերնետային կենտրոնի ստեղծմանը: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց ԻՄ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Նրա խոսքերով, ԻՄ-ն «Միջազգային ինտերնետ միություն» կազմակերպության (ISOC) հետ իրականացնում է ԻՄ-ի աշխատանքներին Հայաստանի երիտասարդ մասնագետների մասնակցությունը ապահող ծրագիր: «ISOC-ի «Նոր սերնդի առաջնորդներ» ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներին տրվում են դրամաշնորհներ` մի քանի ամիս հենց ինտերնետի հետ կապված հարցերում ուսուցումը շարունակելու համար»,- նշեց Գ.Սաղյանը: Նա հավելեց, որ «դոմենային տիրույթների, նաեւ .am տիրույթի պահպանման աշխատանքները պահանջում են ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում, այլեւ անգլերենի իմացություն, ակտիվություն. երիտասարդ մասնագետներն են, որ պետք է շարունակեն .am տիրույթի կառավարման աշխատանքները»:
Նշվեց, որ ԻՄ-ն նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում է փորձում ակտիվորեն մասնակցել Հայաստանում ինտերնետի զարգացման հետ կապված աշխատանքներին: Մասնավորապես, այս տարվա գարնանը ԻՄ-ն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել է IP V6-ի (ինտերնետ արձանագրության համարների նոր համակարգ) ներդրման հետ կապված քննարկումներ: «IP V6-ն աստիճանաբար դառնում է անհրաժեշտություն, որովհետեւ մեր ունեցած V4 համարները սպառվում են, եւ այդ պատճառով անհրաժեշտ է անցնել IP V6 համակարգին: Կարծում ենք, որ այստեղ ՀՀ ԳԱԱ-ի դերը սկզբունքային է, որը դրսեւորվեց, մասնավորապես, Հայաստանի համակարգիչների համար «2000 թվականի» խնդրի լուծման պարագայում»,- ընդգծեց ԻՄ-ի փոխնախագահը:
Ըստ նրա, ԻՄ-ն միավորում է ինտերնետի օպերատոր բուհերի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ այլ ակադեմիական, գիտահետազոտական հաստատությունների եւ դպրոցների շուրջ 100 ներկայացուցիչների: Կազմակերպությունը ամեն տարի կազմակերպում է կոնֆերանսներ: Այն ISOC-ի մասնաճյուղն է, անդամակցում է ICCAN-ին (Internet Corporation for Assigned Names and Numbers), CEENet-ին (Central and Eastern European Networking Associations), ccNSO-ին (Country Code Names Supporting Organisation), CENTR-ին (association of Internet Country Code Top Level Domain Registries):