ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ<br /> ԿԱՌՈՒՑԵԼ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
ԿԱՌՈՒՑԵԼ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

  • 22-01-2007 17:28:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ Երեւանի քաղաքապետարանը մի քանի տարի է բոլոր միջոցները ձեռնարկում է փողոցային առեւտրի կանոնակարգման ուղղությամբ, այդուհանդերձ այդ աշխատանքները դեռեւս թերի են: Ինչպես հունվարի 22-ի ասուլիսում հայտնեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, քաղաքացիները դեռ չեն գիտակցում, որ փողոցում վաճառվող մթերքը վտանգավոր է առողջության համար, եւ այն իրացվում է սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում: Ըստ նրա, ՀՀ նախագահի կարգադրությամբ հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել Երեւանի փողոցներում տաղավարների տեղակայմանը եւ արտաքին տեսքին: Ռ.Քոչարյանը նաեւ առաջարկել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում կառուցել փոքրածավալ առեւտրի կենտրոններ: Կ.Գեւորգյանը հայտնեց, որ քաղաքապետարանը բնակչությունից բազմաթիվ բողոքներ է ստանում` բնակելի շենքերի նկուղներում գործող հացաթխման արտադրամասերի, քիմմաքրման կետերի, բաղնիք-սաունաների եւ այլ օբյեկտների վերաբերյալ: Նշվեց, որ բնակիչների բողոքները հիմնականում արդարացի են, քանի որ շենքերի նկուղներում նման օբյեկտների գործունեությունը օրենքով չի թույլատրվում: Այդ նպատակով, 2007թ.-ի հունվարի 1-ից Երեւանի քաղաքապետարանը գրավոր զգուշացումներ է ուղարկում նմանատիպ օբյեկտների սեփականատերերին, որպեսզի նրանք վերանայեն իրենց գործունեության տեսակը եւ այն փոխեն մեկ այլ գործունեության: Եթե 2 ամսվա ընթացքում այդ ուղղությամբ սեփականատերերը աշխատանքներ չտանեն, ապա քաղաքապետարանը կդիմի դատարան: Վարչության պետը անդրադարձավ նաեւ հասարակական զուգարանների խնդրին: Ըստ Կ.Գեւորգյանի, անցած տարի քաղաքապետի որոշմամբ դրանց կառուցման նպատակով կատարվել է 7 հողահատկացում, իսկ այս տարի` 50 հողահատկացում:
Նոյյան տապան  -   Հասարակություն