ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼԵՈՆԻԴ ՌՈՇԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼԵՈՆԻԴ ՌՈՇԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

  • 18-12-2006 16:21:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ես օգնում եմ երեխաներին անկախ նրանց դավանանքից, ազգությունից»: Այս մասին հայտարարեց «Բժշկական պալատ» հասարակական կազմակերպության հրավերով դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանած ՌԴ Հասարակական պալատի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, հայտնի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը նույն օրվա ասուլիսում: Նրա խոսքերով, բոլոր սոցիալական եւ բժշկական խնդիրներն առաջինը պետք է լուծվեն երեխաների համար, այդ թվում` հաշմանդամ: Լ.Ռոշալը աշխարհի տարբեր ծայրերում օգնություն է ցուցաբերել արտակարգ իրավիճակներում հայտնված, բնական աղետներից, ահաբեկչությունից տուժած երեխաներին: Նա Հայաստանում եղել է 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ, իսկ ղարաբաղյան պատերազմի տարիներին օգնություն է ցուցաբերել թե' հայ, թե' ադրբեջանցի երեխաներին: Լ.Ռոշալը մի քանի երկրների առաջարկությամբ ներկայացված Է Նոբելյան մրցանակի: Ինչպես նույն օրվա ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, Հայաստանի բժիշկները եւս պաշտպանում են Լ.Ռոշալի թեկնածությունը եւ հանդես են գալու համապատասխան միջնորդությամբ: «Բժշկության մեջ այսպիսի լայնամասշտաբ, հսկա աշխատանքի եւ իր հումանիզմի համար նա արժանի է այդ մեծ մրցանակին»,- նշեց Է.Գաբրիելյանը: Այցի շրջանակներում Լ.Ռոշալը եղավ Երեւանի կոնյակի գործարանում եւ «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Նոյյան տապան  -   Հասարակություն