Լեւոն Շիրինյան . «Եթե քրդերը Թուրքիայում հաստատեն իրենց ինքնավարությունը, ապա դա մեզ հնարավորություն կտա լուծել հայկական հողերի հարցը»<br />


Լեւոն Շիրինյան . «Եթե քրդերը Թուրքիայում հաստատեն իրենց ինքնավարությունը, ապա դա մեզ հնարավորություն կտա լուծել հայկական հողերի հարցը»

  • 20-07-2011 14:52:53   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջին շրջանում Թուրքիայում ակտիվացել են քրդերի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել լուրջ բախումների։ Հուլիսի 20-ի ասուլիսում նման տեսակետ հայտնեցին քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը եւ թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։ «Կարեւորը քրդերի ինքնավարության հռչակումն է եւ, եթե քրդերի պահանջները իրենց բավարարումը ստանան, ապա դա կավարտվի գեհենով»,- նշեց Լ.Շիրինյանը, հավելելով, որ Թուրքիայի եվրոպականացման փորձերը կձախողվեն։ Լ.Հովսեփյանի դիտարկմամբ, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը Թուրքիայի կառավարության ոչ ճիշտ քաղաքականությունն է: «Ընդհանուր առմամբ Էրդողանի կառավարությունը չի կարողանում այդ հարցին լուծում տալ, եւ պետք է նոր մոտեցումներ ցուցաբերվի»,- ասաց նա։ Թուրքիայի հնարավոր դաշնակիցների շարքում բանախոսները նշեցին Սիրիան եւ Իրանը։ «Իսկ ԱՄՆ-ը 90-ականներից հետո Թուրքիայի նկատմամբ վարում է «սանձերը բաց թողնելու, բայց մտրակով հարվածելու քաղաքականություն», քանի որ Թուրքիայի զարգացումը ձեռնտու չէ ԱՄՆ-ին եւ դժվար է ասել, թե այս հարցում իրենց քաղաքականությունը ինչ կշիռ ձեռք կբերի»,- հայտարարեց Լ.Հովսեփյանը: Թուրքիայում հնարավոր բախումների հետեւանքներից մեկը, ըստ բանախոսների, հայկական հարցի լուծման հնարավորությունն է: «Եթե քրդերը Թուրքիայում հաստատեն իրենց ինքնավարությունը, ապա դա մեզ հնարավորություն կտա լուծել հայկական հողերի հարցը։ <...> Մենք ոչ մի կապ չունենք եւ չպիտի ունենանք այս հարցի հետ, քանի որ մեր հիմնական խնդիրը ցեղասպանության ճանաչման եւ հայ-ադրբեջանական սահմանի հարցն է: Մենք պետք է ուշի ուշով հետեւենք զարգացումներին եւ չլարվենք, այլ փորձենք մեր պետության ներքին հարցերը լուծել եւ արդիականացնել բանակը »,- ասաց Լ.Շիրինյանը: Բանախոսները նաեւ նշեցին, որ պետք է քարոզել եւ պաշտպանել այն, ինչը կնպաստի Իրանի ուժեղացմանը: «Իրանն ու Հայաստանը իրավունք չունեն իրար չհասկանալ։ Բայց պետք է նկատի ունենալ նաեւ, որ շատ հաճախ նման իրավիճակները անկառավարելի են լինում»,- հայտարարեցին բանախոսները:
Նոյյան տապան  -   Քաղաքական