ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 01-12-2006 15:13:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաշմանդամների միջազգային օրվա` Դեկտեմբերի 3-ի, կապակցությամբ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպում է միջոցառումների շարք, որի նպատակն է հասարակության ուշադրությունը մեկ անգամ եւս սեւռել հաշմանդամների հիմնահարցերին, ներկայացնել նրանց ինտելեկտուալ ներուժը: Դեկտեմբերի 3-ին Մարիոթ-Արմենիա հյուրանոցում կանցկացվի «Ին՞չ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը 36 հաշմանդամների մասնակցությամբ: Դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում կբացվի հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը, այդ օրը տարբեր կազմակերպությունների հետ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Նա նշեց, որ ներկայումս Հայաստանում հաշվառված են 141 հազար 380 հաշմանդամներ, որոնցից շուրջ 8300-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Հաշմանդամները կազմում են բնակչության ընդհանուր թվի 4%-ը, իսկ հաշմանդամ կանայք` հաշմանդամների ընդհանուր թվի շուրջ 40%-ը: Հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի է 55%-ը, որից, սակայն, զբաղված է ընդամենը 8%-ը: Միջնակարգ կրթություն ունեն հաշմանդամների 44%-ը, իսկ բարձրագույն` 14%-ը: Նշվեց նաեւ, որ 2006թ.-ի պետբյուջեով 649,5 մլն դրամ է (մոտ 1,75 մլն ԱՄՆ դոլար) հատկացվել հաշմանդամների համար պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաների ձեռք բերման եւ պրոթեզների վերանորոգման համար: Նախատեսվում է 2007թ.-ի պետբյուջեից այդ նպատակով հատկացնել 813,8 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն