ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵԹԵ ՁԵԶ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»<br /> ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ<br />


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵԹԵ ՁԵԶ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 13-11-2006 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Եթե ձեզ հրավիրել են ոստիկանություն» թվով վեց տեսահոլովակների շնորհանդեսը: Տեսահոլովակները պատրաստվել են Հայաստանում «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը նվիրված քարոզարշավի շրջանակներում: Ինչպես նշեցին Միջազգային բանտային բարեփոխում կազմակերպության հետ քարոզարշավը համատեղ իրականացնող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ անցկացված քարոզարշավը նպատակ ունի ստեղծել փակ հաստատությունների հասարակական վերահսկողության ազգային մեխանիզմներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոստիկանության համակարգում ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Միքայել Բաղդասարյանը, արդեն դիտորդական առաքելության տարեկան հաշվետվությունը ներկայացվել է ոստիկանություն եւ սպասվում է դրա վերաբերյալ պատասխան: Ըստ դիտորդական խմբի անդամի, մոտիկից շփվելով համակարգի հետ պարզվում է, որ այն այնքան էլ վատը չէ, ինչպես թվում էր տարածված ասեկոսեներից, սակայն «իհարկե, թերություններ շատ կան, եւ դեռ աշխատանք եւս շատ կա այդ թերությունները վերացնելու համար»: Ամենակարեւորը, ըստ նրա, մարդկանց մոտեցումը եւ մենթալիտետը փոխելն է: Ոստիկանական համակարգում վերահսկողություն իրականացնող խումբը ստեղծվել է 2006 թվականի հունվարին ՀՀ ոստիկանապետի հրամանով: Այն սկսել է աշխատել ապրիլ ամսից մինչեւ հոկտեմբերը: Դիտորդական խմբին տրամադրված մանդատով խումբը վերահսկում է ձերբակալված անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքները, խոշտանգումների դեպքերը: Մ. Բաղդասարյանը նշեց, որ հիմնականում հարցվողները խուսափում են խոսել խոշտանգումների մասին, սակայն նրա գնահատմամբ, խմբին սկսել են վստահել, ինչը, ըստ նրա, խմբի ճիշտ աշխատաոճի արդյունք է: Ներկայումս նախատեսվում է նաեւ սկսել նոր ծրագիր:
Նոյյան տապան  -   Հասարակություն