«Մանկական եվրոտեսիլ 2011»-ի տարբերանշանն ու նշանաբանը պատրաստ են


«Մանկական եվրոտեսիլ 2011»-ի տարբերանշանն ու նշանաբանը պատրաստ են

  • 21-07-2011 17:53:08   | Հայաստան  |  Մշակույթ

Դեկտեմբերի 3-ին Երեւանում անցկացվելիք «Մանկական եվրոտեսիլ 2011»-ի տարբերանշանը երաժշտական էկվալայզերներից սարեր են, որոնք բարձունք են խորհրդանշում: Նշանաբանն էլ ընտրված է դրան համապատասխան` «Հասիր բարձունքի»: Տարբերանշանը ստեղծվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Եվրոպական հեռարձակողների միության եւ Անտոն Բարանովի ջանքերով: Պատասխանելով այն հարցին, թե սարերի նմանությունը Մասիսներին պատահակա՞ն է, թե՞ ոչ, մանկական եվրոտեսիլի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց. «Սրանք շատ ուժեղ սարեր են եւ ցանկացած մարդ ինչ-որ հոգեհարազատ բան կգտնի դրանցում»: Նա նաեւ նշեց, որ պետք է արվի ամեն ինչ, որ լինի թե համաեվրոպական շոու, եւ թե Հայաստանի մշակույթը ներկայացնող հետաքրքիր ներկայացում: Անդրադառնալով «Մանկական եվրոտեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակցի ընտրությանը, Գ.Գասպարյանը նշեց, որ հայտերերի ընդունման ժամկետը հետաձգված է մինչեւ օգոստոսի 20-ը, թեեւ արդեն մոտ 50 դիմում է ստացվել: Իսկ մրցույթը կայանալու է սեպտեմբերի երկրորդ կեսին: Մանկական եվրատեսիլի եւ Հանրային հեռուստաընկերության երաժշտականան պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի խոսքերով, արդեն մասնակցության համար դիմել է 12 երկիր, բայց քանի որ հայտերն ընդունվելու են մինչեւ հոկտեմբերի կեսերը, մասնակիցների վերջնական թիվը դեռեւս հայտնի չէ: Հայաստանի հարեւաններից մասնակցության դիմում է ներկայացրել միայն Վրաստանը: Նշվեց նաեւ, որ Ադրբեջանում անցկացվելիք «Եվրոտեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունը կապված է հայկական պատվիրակության անվտանգության ապահովման հստակ երաշխիքների հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ