ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ<br /> ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ<br />


ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ

  • 08-11-2006 19:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ դատախազությունը ամեն ինչ անում են, որպեսզի բացահայտվեն վերջին ժամանակներս Երեւանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունները: Այս մասին նոյեմբերի 8-ի ասուլիսում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` նշելով, որ այդ գործերի քննության ակտիվությունը չի նվազել: Մասնավորապես, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետի որդու` գործարար Սեդրակ Զատիկյանի, հունիսի 22-ի սպանության գործով այսօր էլ ակտիվ նախաքննություն է կատարվում: «Հույս ունեմ, որ այդ գործը պետք է բացահայտվի»,- ասաց Ա.Հովսեփյանը: Նա հայտնեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սեպտեմբերի 6-ի սպանության գործով կան նորություններ, ստուգելու ենթակա հանգամանքներ: Սակայն, ՀՀ գլխավոր դատախազը ձեռնպահ մնաց գործի քննության մասին մանրամասն խոսելուց: Ա.Հովսեփյանը, չհամաձայնելով լրագրողներից մեկի այն տեսակետի հետ, թե ավելացել են հանդուգն սպանությունները, նշեց, որ պայթուցիկ նյութերի, հրազենի գործադրմամբ սպանություններ, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների սպանություններ միշտ էլ տեղի են ունեցել եւ դա նորություն չէ:
Նոյյան տապան  -   Հասարակություն