Հակերները ՆԱՏՕ-ի տվյալների բազայից հանել են 1 գԲ գաղտնի տեղեկատվություն


Հակերները ՆԱՏՕ-ի տվյալների բազայից հանել են 1 գԲ գաղտնի տեղեկատվություն

  • 22-07-2011 09:40:00   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Անոնիմուս» հակերական խմբավորումը հայտարարել է, որ կոտրել է ՆԱՏՕ-ի տվյալների բազան` այնտեղից հանելով մոտ 1գԲ տեղեկատվություն, եւ, որպես ապացույց, իրենց «Թվիթեր» կայքում տեղադրել էջեր փաստաթղթերից` «ՆԱՏՕ. Ծառայողական օգտագործման համար» վերնագրով: «Առաջիկա օրերին սպասեք հետաքրքիր նյութերի»,- գրել են հակերները: Այս մասին հաղորդում է «Իտար-Տասս» գործակալությունը: ՆԱՏՕ-ի անվտանգության ծառայությունները ուսումնասիրում են հակերների հայտարարությունը: Ալյանսի մամուլի աշխատակիցը հայտնել է, որ խումբը հրապարակել է գաղտնի ինֆորմացիա եւ հավելել, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, նրանց զինված ուժերի եւ քաղաքացիների անվտանգությունը: «Անոնիմուս»-ի գործունեությունը արդեն երկար ժամանակ հետաքրքրում է իրավապաշտպան օրգաններին: Խմբավորման անդամակիցներին գտնելու նպատակով հետախուզության արդյունքում Հետախուզության դաշնային բյուրոն երեքշաբթի օրը ձերբակալել է 16 մարդու: Խմբավորումը մեծ ճանաչում է ստացել 2010թ.-ի վերջերին, սկանդալային «Վիկիլիքս»-ի գործունեությանը խոչընտոտող` ընկերություների եւ կազմակերպությունների կայքերի վրա հարձակումներից հետո: «Անոնիմուսը» հետապնդում է քաղաքական նպատակներ` պայքարելով համացանցում ինֆորմացիայի տարածման եւ խոսքի ազատության համար: Հյուսիսատլանտյան դաշինքը դեռեւս 2008թ.-ի Բուխարեստի գագաթաժողովում կիբերհարձակումները անվանել է անվտանգության ժամանակակից մարտահրավերներից մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ