ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ<br /> ԼՍԱՐԱՆ<br />


ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԼՍԱՐԱՆ

  • 02-11-2006 15:57:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ հայտնի լրագրող, գրող-հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվան լսարանի բացման արաողությունը: Ինչպես նշեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը, այս լսարանը մշտապես լինելու է եւ' ժուռնալիստիկայի ֆակուլտետի, եւ' բոլոր համալսարանականների հոգացության առարկան: Ա.Քալանթարյանի որդու` Ալեքսանդր Քալանաթարյանի նախաձեռնությամբ բացված լսարանը առաջիկայում կհամալրվի համակարգիչներով, իսկ հաջորդ տարվանից նրա նախաձեռնությամբ ֆակուլտետում կսահմանվի Ա.Քալնաթարյանի անվան կրթաթոշակ: «Ա.Քալանթարյանը ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին շրջանավարտն էր, եւ նրա անունը անխզելիորեն կապված է 20-րդ դարի 2-րդ կեսի հայ ժուռնալիստիկայի պատմության հետ»,- նշեց Ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը: Նրա խոսքերով, Ա.Քալանթարյանը անսպառ հումորի տեր եւ երգիծական ձիրքով օժտված մարդ էր. պատահական չէ, որ իր ժուռնալիստական գործունեությունը նա սկսել է ֆելիետոնով: «Քալանթարյանի ֆելիետոններին, վեպերին եւ պատմվածքներին բոլորն էլ անհամբերությամբ էին սպասում, իսկ նրա «Մարաթոն» գրքի հրատարակումից հետո կարծես մի ռումբ պայթեց, եւ խորհրդային բարձրաստիճան չինովնիկներից ոմանք գրքի տպագրումից հետո լքեցին իրենց պաշտոնները»,- ասաց Գ.Անանյանը: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի խոսքերով, «Ա.Քալանթարյանի անունը հայ մամուլի պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու»: «Նրա աչքը շատ սուր էր եւ տեսնում էր այն ամենը, ինչ կար շրջապատում: Ա.Քալանթարյանի ամեն մի ֆելիետոնը դառնում էր հատուկ քննարկման նյութ կենտկոմի բյուրոյի համար: Իսկ այդ քննարկման արդյունքում պաշտոնյան հաճախ հրաժեշտ էր տալիս իր աթոռին»,- նշեց Ա.Գեւորգյանը: Ցավոք, այսօր, ըստ ՀԺՄ-ի նախագահի, իրավիճակը փոխվել է. հայաստանյան մամուլի հրապարակումները մնում են անպատասխան, որեւէ մեկը չի արձագանքում դրանց:
Նոյյան տապան  -   Հասարակություն