ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ<br /> ՀՈՒՇԱՐՁԱՆԸ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

  • 31-10-2006 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Մոսկվայի կենտրոնում` Բրյուսովի նրբանցքում Կոմպոզիտորների տան մերձակա պուրակում բացվեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ նախագահի տիկին Լյուդմիլա Պուտինան, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը: Բրոնզե հուշարձանը տեղադրվել է ոչ հեռու այն տնից, որտեղ ապրել եւ աշխատել է մեծ կոմպոզիտորը, որի երաժշտությունը հայտնի է ողջ աշխարհում: Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը եւ ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին մաեստրոյին պատկերել են ստեղծագործական ներշնչանքի պահին` երաժշտական գործիքների շրջապատում: «Շատ խորհրդանշական է, որ հուշարձանը գտնվում է այս վայրում` կոնսերվատորիայից եւ Կոմպոզիտորների տնից ոչ հեռու»,- հանդիսության ժամանակ ասաց Լյուդմիլա Պուտինան: Նա ընդգծեց, որ քանդակագործներին «հաջողվել է իրենց ստեղծագործությամբ հաղորդել կոմպոզիտորի եւ իր երաժշտության բնույթն ու ոգին»: «Հուշարձանը խորհրդանշում է մեր ժողովուրդների բարեկամությունը, եւ վստահ եմ, որ նրա պատվանդանին միշտ կենդանի ծաղիկներ կլինեն, նույնքան վառ, ինչպիսին նրա երաժշտությունն է»,- համոզված է Լյուդմիլա Պուտինան: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հանդիսությանը եկել էր տիկնոջ հետ, նշեց, որ Խաչատրյանի կյանքը, նրա ճակատագիրը եւ ստեղծագործությունը «մեր ժողովուրդների ճակատագրերի միահյուսման փայլուն օրինակ է»: «Շատ նշանակալի է, երբ մարդը միատեսակ սիրելի է եւ յուրային է համարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»,- նկատեց նա` նույնպես մատնանշելով այն վայրի ընտրությունը, որտեղ դրվել է հուշարձանը. «Շուրջբոլորն ամեն բան կապված է երաժշտության հետ, եւ շատ կարեւոր է, որպեսզի Խաչատրյանի կերպարը մեզ բոլորիս հիշեցնի մեր ժողովուրդների երջանիկ ապագայի մասին»: Հայաստանի ղեկավարի հետ միասին հուշարձանի կարմիր ժապավենը կտրած քաղաքապետ Յուրի Լուժկովը ընդգծեց, որ Խաչատրյանի հուշարձանը բացվում է ռուսաստանցիների եւ հայերի համար նշանավոր տարում` Ռուսաստանում Հայաստանի տարում, «երբ մենք լուծում ենք մեր քաղաքացիների միջեւ հոգեւոր, քաղաքական շփման խնդիրները»,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային