ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՄՆՎԱԾ Է<br /> ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ»<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՄՆՎԱԾ Է
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ»

  • 30-10-2006 17:21:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տեղի է ունենում այսպես կոչված Պրահյան ձեւաչափով, որը կարող է հնարավորություններ ստեղծել նրա խաղաղ լուծման համար»: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ռուսաստանում հավատարմագրված մի շարք ԶԼՄ-ների տված հարցազրույցի ժամանակ: Ըստ նրա, կանխավ դժվար է խոսել բանակցային գործընթացի ապագայի մասին, քանի որ բանակցությունները շարունակվում են տասը տարուց ավելի եւ որեւէ արդյունք չեն տվել: Դրա պատճառը, ըստ Իլհամ Ալիեւի, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, որը խախտում է միջազգային իրավաբանական նորմերը: «Ադրբեջանի դիրքորոշումը հենվում է համաշխարհային հանրության կողմից ճանաչված միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Հայաստանը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատի Ադրբեջանի տարածքները, ինչ պատվիրում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Դա հիմնական սկզբունքն է, որ անվերապահ պաշտպանում է Ադրբեջանը: Իսկ Հայաստանի դիրքորոշումը հիմնվում է իր ցանկությունների, սպասելիքների եւ երազանքների վրա: Այն հիմնվում է «կատարված փաստի» սկզբունքի վրա: Նրանք համարում են, որ միայն արտասահմանյան աջակցությունն է նրանց հիմքեր տալիս մտածելու Լեռնային Ղարաբաղի հողերը Ադրբեջանից անջատելու եւ Հայաստանին միացնելու մասին, որ նրանք զավթել են մարտական գործողությունների ժամանակ ժամանակավոր առավելության հետեւանքով: Ուստի Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ հասկանա, որ Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնա իր տարածքային ամբողջականության առնչությամբ»,- հայտարարել է նախագահը: Ըստ Իլհամ Ալիեւի, Ադրբեջանն արդեն առաջարկել է այն ամենն, ինչի կարող է գնալ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի հայերին եւ Լեռնային Ղարաբաղ վերադարձած ադրբեջանցիներին աշխարհում գործնականում առկա ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու մասին է: «Ինքնավարությունների առումով կա դրական համաշխարհային պրակտիկա: Ազգային փոքրամասնությունների հարցի առկայությունը չի նշանակում դուրս գալ մի պետության կազմից եւ ուրիշ պետության ստեղծում: Հատկապես եթե հաշվի առնենք, որ շատ երկրներում են հայեր ապրում, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք սկսեն անկախություն պահանջել: Սա մեր կառուցողական դիրքորոշումն է եւ սա առավելագույնն է, ինչին մենք կարող ենք գնալ»,- ասել է Ալիեւը: «Դժվար է նախապես ասել, թե ինչ կկատարվի բանակցությունների անարդյունավետության դեպքում: Ծայրահեղ դեպքում, եթե բանակցությունների այս փուլը ավարտվի ապարդյուն, ապա Ադրբեջանը անպատճառ նորից կվերանայի իր ռազմավարությունը եւ մարտավարությունը»,- նկատել է Իլհամ Ալիեւը: Այս մասին հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային