ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԱՌԱՋ ԵՆ ՔԱՇՈՒՄ Ա-320<br /> ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ<br />


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԱՌԱՋ ԵՆ ՔԱՇՈՒՄ Ա-320
ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

  • 26-10-2006 16:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ես հավաստի տեղեկատվություն ունեմ, որ Սոչի մեկնող Ա-320 օդանավի թռիչքից առաջ "VIP" սրահում ուղեւորների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ըստ որում այն մինչ թռիչքը չի ավարտվել»: Այս մասին հոկտեմբերի 26-ին հակակրիմինալ շարժման կազմակերպած հասարակակական ունկնդրության ժամանակ, որ նվիրված էր մայիսի 3-ին Սոչիի մատույցներում Ա-320 օդանավի ողբերգության պատճառներին, հայտարարեց քաղաքացիական ավիացիայում ավելի քան 20 տարի աշխատած առաջին կարգի օդաչու Վլադիմիր Պողոսյանը: Ըստ նրա, միջադեպի մասին չեն տեղեկացվել օդանավակայանի անվտանգության ծառայությունը, ավիաթռիչքների տեսչությունը եւ մյուս կառույցները, որ պատասխանատու են թռիչքների անվտանգության համար: Դրանից բացի, ուղեւորների ուղեբեռի զննումը ձեւական բնույթ է կրել: Վ.Պողոսյանի առաջ քաշած վարկածի համաձայն, դատելով ըստ անձնակազմի վարքագծի եւ մասնավորապես Սոչիում վայրէջք կատարելու նրանց ընդունած որոշման, վատ եղանակային պայմանների մասին տեղեկատվությանը, կարելի է եզրակացություն անել, որ անձնաակազմը գտնվել է այնպիսի իրավիճակում, երբ նա չի կարողացել ճիշտ վերլուծել իրադրությունը. «Ես տեղեկատվություն ունեմ, որ թռիչքը անցել է անձնակազմի վրա հոգեբանական ներգործության հատուկ պայմաններում»,- հայտարարեց Վ.Պողոսյանը: Նա չբացառեց, որ երկրի վրա սկսված վեճը շարունակվել է օդում եւ հրազենի օգտագործմամբ: Ըստ Վ.Պողոսյանի, այն հաղորդումը, որ օդանավը անհետացել է ռադարների էկրանից, նշանակում է, որ օդանավը պայթել է դեռեւս օդում` մինչեւ ծովն ընկնելը: Նա հայտարարեց նաեւ, որ քանի դեռ չկան վերջնական եզրակացությունները աղետի պատճառների մասին, ապա ցանկացած վարկած «գոյության իրավունք» ունի: Նրա հետ համաձայնեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Աղասի Արշակյանը, որը հայտարարեց, որ այդ ողբերգությունը եղավ հայրենական ավիացիայի փլուզման տրամաբանական ավարտը, որ սկսվել էր դեռեւս 1992 թվականին նախկին եւ շարունակվել ներկայիս իշխանությունների կողմից: Ըստ պատգամավորի, շահույթ ստանալու նպատակով իշխանությունները դիտմամբ սնանկացրին պետական «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտնեց, որ աղետի ամենատարածված վարկածներից մեկը վառելիքի անբավարարության վարկածն է: Մինչեւ Սոչի թռչելը Ա-320-ը թռել է Մոսկվա, որտեղից վերադարձել է լիքը բաքերով: Նշվեց, որ վառելիքը Ռուսաստանում ձեռք է բերվում շատ ավելի էժան, քան «Արմավիա» ընկերության ուղեւորների տոմսերում հաշվարկված վառելիքի գինն է: Գ.Մարգարյանի հավաստիացմամբ, Երեւանում վառելիքի մի մասը դատարկվել է, որպեսզի բաքերը նորից լցարկվեն արդեն Սոչիում: «Հենց այդպիսի բիզնեսի շնորհիվ է ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը միլիարդատեր դարձել»,- հայտարարեց Գ.Մարգարյանը: Քննարկման մասնակիցները նշեցին անկախ հետաքննության անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն