ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է<br /> ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 15 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 15 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ

  • 26-10-2006 15:44:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի «Մարդու առողջություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրած 90 հազար 42 ԱՄՆ դոլար դրամաշնորհով կահավորվել է Երեւանի Վատ լսող երեխաների թիվ 15 հատուկ դպրոցը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության նախագահ Լեւոն Մովսեսյանը, այդ գումարով ձեռք է բերվել կահույք դպրոցի դասասենյակների, ննջասենյակների եւ խոհանոցի համար: Հոկտեմբերի 26-ին դպրոց էր այցելել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յասուո Սայիտոն (նստավայրը` Մոսկվա) : «Ես կարծում եմ, որ դպրոցի շրջանավարտները կարեւոր դեր կխաղան Հայաստանի զարգացման գործում»,- նշեց դեսպանը: Դեսպանության երկրորդ քարտուղար Միձունո Յուկիկոն նշեց, որ Ճապոնիայի կառավարությունը տարեկան երեք որոշում է կայացնում Հայաստանի հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացնելու վերաբերյալ: Ներկայումս դպրոցում սովորում են 120 երեխաներ, որոնցից 5-ը` Արցախից, իսկ 3-ը` Ջավախքից: Դպրոցում բացի հանրակրթական ուսուցումից իրականացվում է նաեւ 5 մասնագիտությունների (վարսահարդարություն, գորգագործություն, մոդելավորում, կոշկարություն եւ համակարգչային օպերատոր) գծով ուսուցում:
Նոյյան տապան  -   Հասարակություն