ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԱԿ-Ի ՊԱՅՄԱՆԱԿԱՆ<br /> ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ-ԽԱՂ<br />


ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԱԿ-Ի ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ-ԽԱՂ

  • 24-10-2006 17:14:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայկական ասոցիացիայի աջակցությամբ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում հոկտեմբեի 24-ին միջազգային հարաբերությունների բաժնի մի խումբ ուսանողներ անցկացրեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի մոդելավորված տարբերակը, որտեղ յուրաքանչյուր մասնակից «ներկայացնում» էր ՄԱԿ-ի անդամ մի որեւէ պետություն: «Նիստի» հիմնական թեմա էր ընտրված պաղեստինա-իսրայելական ճգնաժամը, ինչի կապակցությամբ մասնակիցները մի քանի ժամ տեւած քննարկումից հետո ընդունեցին հատուկ բանաձեւ: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Վալերի Տկաչուկի խոսքերով, «ՄԱԿ-ի մոդելավորումը չափազանց հետաքրքիր խաղ է», որն արդեն մի քանի տարի անց է կացվում ոչ միայն ուսանող երիտասարդների, այլեւ կայացած մասնագետների` քաղաքագետների եւ դիվանագետների շրջանում: Ըստ նրա, Սլավոնական համալսարանում անցկացված միջոցառումը Հայաստանում նախատեսված յոթ մոդելավորումներից 3-րդն է, եւ «ուրախալի է, որ երջանիկ զուգադիպությամբ այս միջոցառումը կայացավ հենց ՄԱԿ-ի ստեղծման օրը` հոկտեմբերի 24-ին»: Վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանի խոսքերով, միջոցառումը հիմնականում կրթական նպատակ ունի, քանի որ յուրաքանչյուր մասնակից, ներգրավվելով քննարկումների մեջ եւ ստանձնելով որեւէ երկրի ներկայացուցչի դեր, խորությամբ ուսումնասիրում է այդ երկրի պատմությունը, աշխարհագրությունը, արտաքին քաղաաքականությունը եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն