«Ֆեներբախչե» - «Շախտյոր» հանդիպումն անավարտ է մնացել
22-07-2011 14:28:30 | Թուրքիա | Սպորտ
Թուրքական «Ֆեներբախչեի» եւ ուկրաինական «Շախտյորի» միջեւ կայացած ընկերական հանդիպումն անավարտ է մնացել տեղի երկրպագուների հրահրած անկարգությունների պատճառով: Իրադարձությունները տեղի են ունեցել երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ թուրք ֆուտբոլասերները, ի նշան բողոքի պայմանավորված խաղերին մասնակցության համար «Ֆեներբախչեի» դեմ հարուցված գործի, մտել են խաղադաշտ: Բարեբախտաբար ոչ-ոք չի տուժել:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպման երկրորդ կեսում դուրս է եկել փոխարինման, խաղից հետո «Շախտյորի» պաշտոնական կայքի լրագրողին ասել է. «Ոչ-ոք չէր կարող անգամ ենթադրել, որ կարող է նման բան տեղի ունենալ: Խաղային ռիթմի մեջ մտնելու համար մտադիր էինք խաղադաշտում անցկացնել 90, այլ ոչ թե 70 րոպե: Հուսով եմ նման բան չի կրկնվի «Լիոնի» հետ խաղում: Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ եւ մեր երկրպագուներից միայն ջերմ աջակցություն ենք ակնկալում: Կարծում եմ, թուրքական ակումբի ֆուտբոլիստները որոշ չափով պատրաստ էին իրենց երկրպագուների այսպիսի ակցիաներին, սակայն դեպքերի նման զարգացման ոչ-ոք չէր սպասում»: