ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ<br /> ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

  • 20-10-2006 14:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Այսօր Հայաստանում սրությամբ ծառացած է տեղական ինքնակառավարման մարմինների փոշիացման խնդիրը»: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ֆ.Էբերտի անվան ֆոնդի աջակցությամբ «Եվրոպական ինտեգրացում» ՈԿԿ-ի կազմակերպած սեմինարում, որը նվիրված էր տեղական ինքնակառավարման բնագավառի եվրոպական փորձին, հայտարարեց ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը: Ըստ նրա, եթե, օրինակ, Լիտվայում տեղական ինքնակառավարման ընդամենը 64 մարմին է, ապա Հայաստանում դրանք 900-ն են, ընդ որում որոշ համայնքներում ապրում է ընդամենը 50 կամ 100 մարդ: Այս հանգամանքը, Ս.Ավագյանի կարծիքով, խոչընդոտում է համայնքների արդյունավետ կառավարմանը: Այդ առումով կարեւոր նշանակություն է ձեռք բերում միջհամայնքային կառավարման խնդրի լուծումը: Նա նշեց, որ կարեւորագույն խնդիրներից մեկն է մնում նաեւ Երեւանի կարգավիճակի սահմանումը: Նախագահի խորհրդականը հույս հայտնեց, որ ընդունված սահմանադրական փոփոխությունները նոր հնարավորություններ եւ ռեսուրսներ կստեղծեն, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա երկու այդ խնդիրների լուծումը: Չնայած չլուծված խնդիրներին, ըստ Ս.Ավագյանի, Հայաստանի օրենսդրական դաշտը, որը կարգավորում է տեղական ինքնակառավարման ոլորտի գործունեությունը, գրեթե ձեւավորված է:
Նոյյան տապան  -   Հասարակություն