ՀՀ նկարիչների միությունում բացվեց կերպարվեստի բնագավառի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը
22-07-2011 16:39:12 | Հայաստան | Մշակույթ
ՀՀ նկարիչների միության ցուցասրահում հուլիսի 22-ին տեղի ունեցավ կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Այն կազմակերպվել է
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Մփյուռքի նախարարության եւ ՀՀ նկարիչների միության կողմից հայտարարված «Մրցանակաբաշխություն 2011»-ի շրջանակներում։
Ցուցահանդես-մրցանակաբաշխության նպատակը հայ երիտասարդների ստեղծագործական կյանքի աշխուժացումն է: Այս տարի «Մրցանակաբաշխություն 2011»-ը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ցուցահանդեսը պետք է նպաստի հայ երիտասարդների ստեղծագործական ներուժի կիրառմանը Հայաստանում: «Այս տարին երիտասարդության տարին է»,- հավելեց նա:
Հայ կերպարվեստի զարգացմանը նպատակաուղղված մրցույթին մասնակցել են Նկարիչների միության այն անդամները, որոնց տարիքը չի գերազանցել 35-ը: Մրցույթում սահմանված են գեղանկարչության բնագավառում 5 մրցանակ՝ յուրաքանչյուրը 500 հազար դրամ, քանդակի ոլորտում` 2 մրցանակ՝ յուրաքաչյուրը 400 հազար դրամ, գրաֆիկական աշխատանքների համար` 2 մրցանակ՝ 250 հազարական դրամ, եւ դեկորատիվ-կիրառակական արվեստների բնագավառում 1 մրցանակ` 300 հազար դրամ: